• Պետությունների ղեկավարներն Աստանայում են. Նազարբաեւը բացել է ՀԱՊԿ նստաշրջանը

Աստանայում տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, փոխանցում է Tengrinews-ը:

Միջոցառմանը մասնակցում են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սոորոնբայ Ժեենբեկովը, Էմոմալի Ռահմոնը, Հայաստանը ներկայացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նստաշրջանը բացելով՝ Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ նստաշրջանի շրջանակում կլսեն ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվությունը, կամփոփվեն 2018 թվականին Ղազախստանի նախագահության արդյունքները, իսկ ղրղզական կողմը կներկայացնի ՀԱՊԿ-ում իր նախագահության առաջնահերթ ուղղությունները, քանի որ այն անցնում է այս երկրին: ՀԱՊԿ կայքի տեղեկություններով՝ Խորհրդի անդամները նաեւ նախատեսում են քննարկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման եւ կազմակերպության ռազմական պոտենցիալի զարգացման հարցերը:

Նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում: Խորհրդի նղստաշրջանի օրակարգում է պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտությունների մասնակիցների նկատմամբ  համակարգված միջոցառումների մասին:

Պետությունների ղեկավարները մի շարք հարցեր կքննարկեն նեղ կազմով: Օրակարգի որոշ կետեր կքննարկվեն ԱԳ, պաշտպանության նախարարների եւ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների, ինչպես նաեւ Կազմակերպության գկլխավար քարտուղարի պաշտոնակատարի մասնակցությամբ լիագումար նիստում:

Սպասվում է, որ կստորագրվեն ՀԱՊԿ պետությունների շահերի շրջանակում համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացման միջոցառումների ծրագիրը եւ մինչեւ 2025 թվականը ապօրինի միգրացիային հակազդելու հավաքական համակարգի զարգացման ծրագիրը: Կքննարկվեն նաեւ ՀԱՊԿ ռազմական բաղկացուցչի հետագա կատարելագործման հարցերը եւ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգման խորհրդի մասին դրույթների նախագիծը:

Խորհուրդը որոշում կընդունի 2019 թվականին ՀԱՊԿ աշխատանքային մարմինների գործունեության ֆինանսական ապահովման հարցերով:

News.am

 

Պիտակ

Nov 08, 2018 23:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ