• Իրանական ու վրացական բիզնեսն էլ ավելի արագ կանցնի հայկական մաքսակետով

Տարբեր պետությունների մաքսային ծառայությունների տվյալների էլեկտրոնային փոխանակումը թույլ կտա գործարարներին խուսափել ավելորդ ընթացակարգերից։

Հայաստանի մաքսային ծառայությունը տվյալների էլեկտրոնային փոխանակում կիրականացնի վրացի ու իրանցի գործընկերների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների փոխնախագահ Միքայել Փաշայանը։

Իրանցի կամ վրացի գործընկերները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով, իսկ հետո կփոխանցեն հայերին։

Արդեն հայկական մաքսակետում ապրանքը նորից չեն զննի (կամ միայն ծայրահեղ դեպքում)։

Շարունակվում են նաև Եվրասիական միությունում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ քննարկումները։ Հայաստանում էլեկտրոնային հաշիվ–ապրանքագիրների համակարգն արդեն վաղուց է գործում, ընդ որում` պարտադիր է։ Իսկ ԵԱՏՄ–ի մյուս երկրներում առայժմ ամեն տեղ չի գործում` հաշվի առնելով մեծ տարածքներն ու դժվար հասանելի շրջանները։

Փաշայանը հույս հայտնեց, որ այս համակարգը կսկսի աշխատել 2020 թվականից։ Նա պարզաբանեց, թե այդ համակարգն ինչ արդյունք կարող է տալ։

«Օրինակ` եթե Երևանից Բիշքեկ ապրանք են արտահանում, մեր   արտահանողը (Ավելացված արժեքի հարկ) ԱԱՀ–ի վերադարձը ստանում է միայն այն ժամանակ, երբ դրա դիմաց վճարել է Ղրղըզստանում։ Հետո ղրղըզ ներմուծողը հայ գործընկերոջը ծանուցում է ուղարկում, որ նա վճարել է կողմնակի հարկերը։ Միայն դրանից հետո է նա հետ ստանում ԱԱՀ–ն։ Իսկ եթե բոլոր տվյալները հասանելի լինեն էլեկտրոնային ձևաչափով, ապա հնարավոր կլինի խուսափել այդ բոլոր գործընթացներից», – ասաց ՊԵԿ–ի փոխնախագահը։

ԵԱՏՄ հինգ հանրապետությունների հարկային տեսուչներն արդեն փոխանակում են տվյալները, բայց դա հիմնականում վերաբերում է մաքսային ու տարանցիկ հայտարարագրերին։ Եթե դրան գումարենք նաև հաշիվ–ապրանքագրերը, ապա բիզնեսն այլևս ստիպված չի լինի մի քանի ամիս առաջ ԱԱՀ վճարել ու հետո հետ ստանալ այն։

armeniasputnik.am
 

                                                                             

 

Պիտակ

Nov 13, 2018 18:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ