• Բելառուսական դեմարշ, մաս 2․Մինսկն Ալիևի հետ կրկին ՀԱՊԿ հարցերն է քննարկել

Բելառուսի ներկայացուցիչը կրկին Ադրբեջանի հետ քննարկել է ՀԱՊԿ հարցերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ուշադիր հետևում էր նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի համար ամենևին միևնույն չէ, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավորում ՀԱՊԿ-ը, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է, հայտնում է Haqqin.az-ը:

Ալիևն ասել է, թե այդ հարցի քննարկումը բարեկաների միջև բնական է, և դա չպետք է դժգոհություն առաջացնի Հայաստանում: Ալիևը հավելել է, թե «անթույլատրելի է համարում ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունն» այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը Բելառուսի և Ադրբեջանի միջև կոռեկտ չէ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ զրույցին, ասել է, որ «ի վերջո, կոռեկտ չէ», երբ կառույցի ոչ անդամ երկրի դեսպանի հետ քննարկվում են դրա ներքին հարցերը:

Ալիևը հավելել է նաև, որ ժամանակին մեծ զգուշավորությամբ է ընդունել ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Բելառուսի հետ ռազմատեխնիկական գործակցությանը: «Մենք ռազմատեխնիկա ենք գնում Բելառուսից և շատ գոհ ենք դրա որակից: Մենք մտադիր ենք շարունակել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի դժգոհությանն այդ հարցում՝ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը ոչ միայն Բելառուսից է զենք գնում: Ըստ նրա, Ադրբեջանին ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է: «Մենք զենք ենք ձեռք բերում նաև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանն ասել էր, որ երկիրը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Նա ասել է, թե ոչ ոք չի փորձում «նսեմացնել Հայաստանի իրավունքները, որ ինչ-որ մեկը հաղթեց, կամ տանուլ տվեց»:

Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

Panarmenian.net

 

 

Պիտակ

Nov 15, 2018 11:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ