•  ՀՀ ԿԲ-ն որևէ կերպ չի արգելել Իրանի քաղաքացիների սպասարկումը ՀՀ բանկերի կողմից

ՀՀ կենտրոնական բանկը որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նշվում է, որ Հայաստանը սերտ գործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

«Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը  նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ: Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», - նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ մամուլում լուրեր են տարածվել, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներով պայմանավորված, հայաստանյան մի շարք բանկեր հրաժարվել են սպասարկել Իրանի քաղաքացիներին:

Panarmenian.net

 

 

Պիտակ

Nov 20, 2018 22:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ