• Հայ-իրանական հարաբերությունների հարցով ԱՄՆ-ի հետ բարդ բանակցություններ պետք է վարել. Իրանագետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձ էր կատարել հայ-ամերիկյան հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ ամերիկյան կողմն ըմբռնումով կմոտենա հայ-իրանական սերտ հարաբերություններին։

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ՝ հետաքրրքվելով՝ արդյոք Միացյալ նահանգները որևէ պարագայում իսկապե՞ս պատրաստ է ըմբռնումով մոտենալ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին։
Վերջինիս  խոսքով, ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականությունը միտված է Իրանի շուրջ օղակը սեղմելուն։
«Բայց այս համատեքստում հայկական կողմի դիրքորոշումը բավական հստակ է։ Հայաստանը, մեր պետության շահերը հաշվի առնելու համատեքստում, պետք է բոլոր մակարդակներում ԱՄՆ-ին բացատրի հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը։ Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շատ մեծ կարևորություն ունեն, իսկ հայ-իրանական սահմանն, իր երկու հատվածներով, հայկական երկու պետականությունների անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Այս իմասով ակնհայտ է, որ Միացյալ նահանգները պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Նրա համոզմամբ, Հայաստանի շահերը ենթադրում են Իրանի հետ հարաբերությունների ոչ միայն պահպանում, այլ նաև զարգացում ու ընդլայնում։ Ընդ որում, եթե հարաբերությունների պահպանման տիրույթում Միացյալ նահանգները Հայաստանի վրա զգալի ճնշում չի գործադրում, ապա ընդլայնման և զարգացման հեռանկարը մտահոգում է ԱՄՆ ներկա վարչակարգին։
«Մեր հիմնական խնդիրը պետք է լինի ոչ միայն առկա հարաբերությունների պահպանումը, այլ նաև ԱՄՆ-ի հետ բավական բարդ բանակցությունների միջոցով Իրանի հետ աշխատելու կարգավիճակ ստանալը»,-ասաց իրանագետը։
Հարցին՝ արդյոք Հայաստանն ունի՞ այդ ներուժը՝ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման համատեքստում Միացյալ նահանգների հետ բարդ բանակցություններ վարել, Վարդան Ոսկանյանը պատասխանեց՝ մենք չափից դուրս մեծ ուշադրություն ենք կենտրոնացնում ներքաղաքական զարգացումների վրա, բայց պետք է մշտապես ի նկատի ունենալ, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը չի սպասում ներքաղաքական զարգացումներին։
«Այսինքն՝ Հայաստանը պետք է վարի պրոակտիվ արտաքին քաղաքականություն՝ մի կողմից բացատրելու ԱՄՆ-ին մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, մյուս կողմից՝ աշխատել Իրանի հետ՝ փորձելով զարգացման նոր ծրագրեր մշակել։ Պետք է հասկանալ, որ Իրանի դեմ պատժամիջոցները ոչ միայն պարունակում են ռիսկեր, այլ նաև բացում են հնարավորությունների նոր դռներ, որոնցից պետք է ներս մտնել՝ ստանալու մեր պետության համար անհրաժեշտ առավելություններ»,- ամփոփեց իրանագետը։

Panorama.am

 

Պիտակ

Nov 20, 2018 23:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ