• Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. ադրբեջանցի պաշտոնյա

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,-«ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը «շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար»: «Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ձերբակալված անձանց փոխանակման» հարցը: 

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է գտնվել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցության համար:

tert.am/am

Dec 07, 2018 16:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ