Dec 08, 2018 09:45 Asia/Tehran
  • Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կարևոր է պատկերացում կազմել, թե խորհրդարանում ներկայացված լինելու հավակնող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ մոտեցումներ և ինչ տեսլական ունի Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության, հակամարտության կարգավորման գործընթացի և ԼՂ-ի ճակատագրի վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածների համադրական վերլուծությունը թույլ է տալիս ինչպես վեր հանել և համեմատել նրանց մոտեցումները, այնպես էլ առանձնացնել դրանցում առկա ընդհանրությունները:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության։

Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում է, որ «ԼՂ-ը ոչ միայն ղարաբաղցու ինքնորոշման իրավունքի խնդիրն է, այլ նաև ողջ երկրի անվտանգության հարցերի հարցը», որի հետ կապված իրենք լինելու են անզիջում: Ըստ կուսակցության՝  «չի՛ կարող լինել լուծում առանց ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից, չի՛ կարող լինել միակողմանի զիջում»: Կարևորելով խաղաղությունը կենսական անհրաժեշտությունը հայ ժողովրդի բնականոն զարգացման համար՝ քաղաքական ուժը կտրականապես դեմ է արտահայտվում «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին՝ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը դիտարկելով որպես լայնամասշտաբ պատերազմի հավանականության մեծացման պատճառ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում բավական լայն անդրադարձ կա թե՛ ԼՂ-ին, թե՛ հակամարտությանը:  ՔՈ ՍԴԿ-ն ԼՂ-ի հարցը չդիտարկելով որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետու­թյան տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն՝ գտնում է, որ « ԼՂ-ի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991թ ԱՊՀ կառույցին ՀՀ առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճա­նաչման Եվրոպական խորհրդի 1991թ որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որո­շումները, որոնք Ադրբեջանին ԼՂ-ի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել», ինչից պետք է նրան զրկել: Քաղաքական ուժի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) բնակչության կյան­քի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կար­գավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը, ուստի «կուսակցության քա­ղա­քա­կանությունն այս հարցում հիմնված է լինելու նաև ԼՂ-ի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա»։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը գտնում է, որ չկա ԼՂ-ի հարց. Ղարաբաղը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Ըստ կուսակցության՝ ԼՂ-ը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ ԼՂ-ի անկախությունը այն դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: ՀՅԴ-ն գտնում է, որ «միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում և ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»:

Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքներն ԼՂ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ զուգահեռաբար ջանքեր գործադրելով ԼՂ-ին բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Բացի այդ, նախընտրական ծրագրում կարևորվում է նաև ԼՂ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

«Իմ քայլը» դաշինքը գերնպատակ է համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ ԼՂ-ի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անքակտելիության և միջազգային ճանաչումը ապահովելը։ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով քաղաքական ուժն առանձնացնում է հետևյալ քայլերը՝ «1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացում, 2. ԼՂ-ի ` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչում և բանակցություններին ներգրավվածության ապահովում,  3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրումը, 4. ԼՂ-ի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացում, 5. ԼՂ-ի միջազգային  կապերի, բնակչության ազատ տեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակում»: Ինչ  վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացին, «Իմ քայլը» դաշինքը կարևոր է համարում պահպանել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացի շրջանակները՝ հիմք ընդունելով ՀՀ միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը:

Դաշինքի ծրագրում ամրագրված է նաև, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և ԼՂ-ի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար»։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ ԼՂ-ի հիմնահարցի լուծման և Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը հզոր տնտեսությունն է:  Կուսակցությունը սատարում է ղարաբաղյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միաժամանակ ԼՂ-ի քաղաքական և տնտեսական զարգացումը դիտարկելով ՀՀ կարևորագույն առաջնահերթություն։ Այս քաղաքական ուժը կարևորում է նաև «բանակցային գործընթացում ԼՂ-ի ներգրավումը՝ որպես բանակցային լիիրավ կողմ»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն անօրինական է համարում «օտար պետության քաղաքական կուսակցության, այն է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի՝ ԼՂ-ը Հայաստանից օտարելու 1921թ.-ի հունիսի 5-ի որոշումը»: Կուսակցությունը կարևոր է համարում պատմական արդարությունը վերականգնումը և ԼՂ-ը տեսնում է «Հայաստանի հետ միասին՝ որպես ունիտար պետություն կամ դաշնային մաս՝ կախված ներքին և արտաքին իրադրության դասավորումից»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է. « ԼՂ-ը հայկական տարածք է թե՛ պատմական, թե՛ փաստացի առումով, և հետևաբար ԼՂ-ի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ` ԼՂ-ում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի և հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով ԼՂ-ի դե յուրե միավորում Հայաստանի հետ»: Կուսակցությունը որպես հնարավոր իրավական լուծում առաջարկում է քաղաքացիների նախաձեռնությամբ ԼՂ-ում և Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամարտահայտման և ժողովրդավարական գործընթացների արդյունքում։

«Ազգային առաջընթաց»-ը կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնումը, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառումը:

 «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ ԼՂ-ի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է: Դաշինքը գտնում է, որ « ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման  իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի և անբեկանելի»: Ըստ դաշինքի՝ ԼՂ-ն արժանի է միջազգային ճանաչման, և «եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը»:

«Մենք» դաշինքը ԼՂ-ի խնդրի բանակցային գործընթացը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում: Ավելին՝ դաշինքը կարևոր է համարում, որ որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ ԼՂ-ը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

Նախընտրական ծրագրում դաշինքն առանձին անդրադառնում է նաև Հայաստանի հետ ԼՂ-ի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրման, այդ թվում՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման անհրաժեշտությանը:

 «Օրինաց երկիր» կուսակցության «50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը» նախընտրական ծրագրում նախատեսվում է «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում՝ միաժամանակ դիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտական, ռազմական և քարոզչական ագրեսիվ գործողություններին»: 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը գտնում է, որ «ժամանակն է   որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան ԼՂ-ը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի մեջ նշված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂ-ի միջազգային ճանաչումն է»: ԲՀԿ-ն գտնում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա և միայն ԼՂ-ի մասնակցությամբ: Ըստ նախընտրական ծրագրի՝ «պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում  կտրուկ ավելացնել ՀՀ և ԼՂ-ի առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը»:

 

Ամփոփելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա դրույթները՝ կարելի է դուրս բերել մի շարք օրինաչափություններ և ընդհանրություններ: Նախևառաջ նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում որպես կողմ՝ ԼՂ-ի  լիարժեք ներգրավման անհրաժեշտությունն ամրագրված է մի շարք ուժերի ծրագրերում: Այդ խնդրին, մասնավորապես, անդրադարձել են՝ «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, «Մենք» դաշինքը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը և ՀՅԴ-ն:

Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ աճել է այն քաղաքական ուժերի քանակը, որոնք իրենց ծրագրերում ամրագրել են Հայաստանին ԼՂ-ի վերամիավորման խնդիրը: Այդ ուժերի թվում են՝ «Ազգային առաջընթաց», Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, Սասնա ծռեր» կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում դա: Հատկանշական է, որ վերջին երկու ուժերը վերամիավորման գաղափարը ներկայացնում են որպես հակամարտության կարգավորման տեսլական, և որևէ անդրադարձ չունեն բանակցային գործընթացին: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ևս կարևորում է ԼՂ-ի  վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, սակայն նրա անկախությունը դիտարկում է որպես մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում: Միևնույն ժամանակ նշենք, որ ԼՂ-ի միջազգային ճանաչման խնդրի մասին նշված է «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների, ԲՀԿ և ՀՅԴ  կուսակցությունների նախընտրական ծրագրերում:

Ընտրապայքարում ներգրավված մի շարք ուժեր իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնում են Հայաստանի և ԼՂ-ի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման խնդրին:  Այս համատեքստում «Մենք»  դաշինքը և ՀՅԴ-ն ՀՀ և ԼՂ-ի միջև ռազմաքաղաքական համագործակցության  ռազմական փոխօգնության  պայմանագրի կնքման անհրաժեշտություն են տեսնում:

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ