Dec 09, 2018 23:11 Asia/Tehran
  • ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից մասնակցել է 504 քաղաքացի, առավելագույն քվեն ստացել է «Իմ քայլը» դաշինքը

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք ունեցող 729 ՀՀ քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 504 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Արտերկրից ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 729 ՀՀ քաղաքացի, նրանցից ընտրություններին մասնակցել է 504-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է: Քաղաքացիները ընտրելու հնարավորություն են ունեցել միայն կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին»,- ասաց Մուկուչյանը:

Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ.

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն- 9 կողմ ձայն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 3 կողմ ձայն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 11 կողմ ձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 393 կողմ ձայն «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 25 կողմ ձայն «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4 կողմ ձայն «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 0 կողմ ձայն «Մենք» կուսակցությունների դաշինք- 0 կողմ ձայն «Օրինաց երկիր» կուսակցություն- 1 կողմ ձայն «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 6 կողմ ձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 13 կողմ ձայն

Էլեկտրոնային քվեարկությունը ավարտվել է քվեարկության օրվանից 7 օր առաջ: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ-ում քվեարկությունից հետո:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ