Dec 10, 2018 14:54 Asia/Tehran
  • Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր. Քանի պատգամավոր կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»

ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդրարանում պատգամավորների թիվը 105 է:

Պատճառն այն է, որ «Իմ քայլը» ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենա: Հետեւաբար, ԱԺ անցած մյուս երկու ուժերը լրացուցիչ մանդատներ են ստանալու, մինչեւ նրանց ներկայությունը ԱԺ-ում կազմի 1/3:

Հաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Իմ քայլը» դաշինքն ստանում է 84 մանդատ, նաեւ ըստ Դոնթի բանաձեւի «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները:

Այսպիսով «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:

Ըստ նախնական հաշվարկի ԱԺ անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ:

Այսպիսով, ԱԺ-ում մանդատները կբաժխվեն հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» - 88 մանդատմ

ԲՀԿ – 26 մանդատ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 18 մանդատ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ժամը 07.30-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը  (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Ըստ այդմ, ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։

Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։

News.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ