Dec 12, 2018 12:47 Asia/Tehran
  • Պանթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հերթական անգամ չկարգավորվեցին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կզբաղեցնի։ Միաժամանակ անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանն անվանել է Արցախի հարցը։

Թուրքիայի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից Trend գործակալությունը հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հանձնի «բռնազավթված ադրբեջանական հողերը»։ Այնտեղ հիշել են նաև այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915թ–ի իրադարձությունների հետ կապված «հավակնություններից»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ակնհայտ է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն երկկողմանի, այլ նաև տարածաշրջանային հարաբերություններով, մասնավորապես, Բաքվի դիրքորոշմամբ։

Միաժամանակ նա կարծում է, որ վաղ թե ուշ, հնարավոր է, հաջորդ սերունդների օրոք (հատկապես Թուրքիայում) կողմերը փորձեն գտնել մեկմեկու համար ընդունելի և շահավետ տարբերակներ։

«Թուրքական կողմը պետք է ավելի կառուցողական մոտեցում ցույց տա, երկրները պետք է գնան երկխոսության։ Շրջափակումը, փակ սահմանները ձեռնտու չեն երկու կողմերին, առաջին հերթին, Հայաստանին», – նշեց Վերանյանը։

Անկարայի համար Հայաստանում  տեղի ունեցած իշխանափոխությունը լավ հնարավորություն է` երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի խնդրահարույց թեմաներին զրոյից մոտենալու համար։

«Հայաստանի նոր իշխանությունները թուրքական ղեկավարությանը հավասար պետք է օգտագործեն բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները», – ասաց Վերանյանը։

Փորձագետի կարծիքով` որքան ավելի ճկուն լինի հայկական դիվանագիտությունը, այնքան քիչ հայ–թուրքական հարաբերությունները պայմանավորված կլինեն երրորդ երկրների, տվյալ դեպքում Ադրբեջանի դիրքորոշմամբ։

Նա նշում է, որ «զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգը, որն ավելի վաղ հռչակել էր Թուրքիան, վատը չէր։

Բայց գործնականում պաշտոնական Անկարան փորձեց օգտագործել այն որպես միջոց` այլ քաղաքական նպատակների ու դիվիդենտների հասնելու համար։ Դրանով է պայմանավորված դրա ակնհայտ տապալումը։

Այլ դիրքորոշման է հարում թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Նրա խոսքով` Թուրքիան նախապայմաններ է առաջադրել դեռ 1991թ–ին, դրանից հետո բան չի փոխվել։

Առաջինը պայմանը` չհիշել 1915թ–ի մասին, երկրորդ` ստիպել Արցախին ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, երրորդ` դադարեցնել Սփյուռքի հակաթուրքական գործունեությունը (առաջին հերթին, նկատի ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը)։

«1991թ–ից մինչ օրս Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց նախապայմանները նույնն են մնացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը եկել է իշխանության 2002թ–ից, բայց այն նաև ոչ մի փոփոխություն չի կատարել Անկարայի դիրքորոշման մեջ», – ասաց Չաքրյանը։

Նրա կարծիքով` հարցն այստեղ նույնիսկ Ադրբեջանի մեջ չէ։ Թուրքիան ուզում է, որպեսզի Հայաստանը չբարձրանա ծնկած վիճակից, թեև ձևակերպում է իր դիրքորոշումը` որպես աջակցություն «ադրբեջանցի եղբայրներին»։

Չաքրյանի կարծիքով` իրականում Թուրքիան մինչև հիմա հույս ունի, որ Մեղրին կհայտնվի իր ձեռքերում, և նա ցամաքային ճանապարհ կունենա դեպի Ադրբեջան, որը հարթակ կդառնա իր ազդեցությունը Միջին Ասիայում տարածելու համար։

«Առայժմ այդ հույսը կորսված չէ, Թուրքիան կկառչի այդ նախապայմաններից։ Նրա համար պանթուրքիզմը հիվանդագին ձգտում է», – նշեց Չաքրյանը։

Մյուս կողմից, Թուրքիան նման հնարավորություն չունի ոչ միայն Հայաստանի գոյության պատճառով, այլ նաև հաշվի առնելով նրա ռեսուրները և ֆինանսական հնարավորությունները։ Գերմանիան ավելի ակտիվ է Միջին Ասիայում, առավել ակտիվ է Չինաստանը. այս օպոնենտների հետ Թուրքիան չի կարող մրցել։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ուղղված պատասխանին, ապա դա մի բան է նշանակում` Թուրքիան հրաժարվում է կարգավորել հարաբերությունները նոր իշխանությունների հետ։

armeniasputnik.am

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ