Dec 16, 2018 13:34 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը առանց Հայաստանի չի կարող լուծվել․ փորձագետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային հարցերով փորձագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

 

«Նախ պետք է հասկանանք, որ գլխավոր քարտուղարի հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի, որովհետև այդ հարցը լուծվում է ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: Եվ պետք է նշենք նաև, որ ՀԱՊԿ-ի ժողով մինչև այս պահը չէր եղել, և ենթադրվում է, որ կլինի արդեն մյուս տարի», - ընդգծեց Իգիթյանը:

Նա շատ կարևոր համարեց երկու հանգամանք նշել․ - «Առաջինը՝ հայկական կողմը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել են նրա մասին, որ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքը կապված չլինի գլխավոր քարտուղարի՝ այս կամ այլ երկրի թեկնածու լինելու հետ, դա շատ կարևոր է: Իսկ երկրորդ՝ կոնկրետ այս իրավիճակի հետ կապված հարցում, ինձ թվում է, որ հայկական կողմը փորձում է ունենալ կառուցողական մոտեցում և լուծել հարցը ոչ թե անհատական մոտեցումով, այլ լուծել կանոնակարգային հարցը․ ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ հարցը բավականին հաճախ կարող է լինել, երբ որ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժ֊ամկետ պետք է դադարեցվեն, և այդպիսի հարցը ընդհանրապես կանոնակարգված չէ ՀԱՊԿ-ի նորմատիվ ակտերով, և ինչքան ես տեղյակ եմ՝ հայկական կողմը ներկայացնում է նաև, պատրաստում է նաև այս հարցի լուծման ինստիտուցիոնալ տարբերակը»:

«Մի բան պետք է հասկանանք, որ այն դեպքում, երբ որ հարցը պետք է կոնսենսուսով լուծվի, անհնար է առաջ տանել քո թեկնածությունը, այս դեպքում՝ Բելառուսի, և երկրորդը՝ պետք է հասկանանք, որ ի վերջո՝ խոսքը գնում է դաշնակից երկրների հարաբերությունների մասին: Ինձ թվում է, որ այդ հարցը, հաշվի առնելով դաշնակից երկրների նաև մթնոլորտը, պետք է լուծվի ընդհանուր մոտեցումով, և այստեղ հայկական կողմը գնում է այդ ուղղությամբ», - ասաց Իգիթյանը:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե որոշումը ըստ էության կայացվել է, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, միջազգային հարցերով փորձագետը նշեց․ - «Ինձ թվում է, որ հայկական կողմի կոռեկտությունը հաշվի առնելով՝ ուղղակի այդ հարցի պատասխանը՝ ուղղված Բելառուսի նախագահին, չէր եղել, եղել էր ընդհանուր հերքումը օֆիցիալ, որ այսպիսի հարց չէր կարող քննարկվել կամ լուծվել առանց Հայաստանի, ինչի մասին նաև ռուսական կողմն է ասել: Այսինքն՝ ես ենթադրում եմ, որ Բելառուսի կողմը ունի այս տեսակետը, ինչին որ համաձայնել է, ենթադրենք, ինչպես որ Բելառուսն է ասում, Ղազախստանի ներկայացուցիչը: Բայց, նորից եմ կրկնում, այդ հարցը պետք է լուծվի ընդհանուր մոտեցումով, որովհետև դա պետք է լինի կոնսենսուսով ընդունված որոշում»:

Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել: Երեկ այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից: Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո: Եթե այս զարգացումը չլիներ, Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովի պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2020 թվականի մայիսին:

Դեկտեմբերի 6-ի դռնփակ հանդիպումներից հետո Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե որոշումը ըստ էության կայացվել է՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի իր երկրից: Ե՛վ Հայաստանի, և՛ Ռուսաստանի ղեկավարների մամուլի խոսնակները սանկտպետերբուրգյան հանդիպումներից հետո հերքել էին Լուկաշենկոյի հայտարարությունը՝ վստահեցնելով, որ գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված: Ավելին՝ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ նոր գլխավոր քարտուղարի թեկնածու ունի, իսկ հարցը պետք է լուծվի կոնսենսուսով:

azatutyun.am/

Պիտակ

Մեկնաբանություններ