Dec 16, 2018 15:42 Asia/Tehran
  • Քաղաքագետ․ Հարավային Կովկասում ցանկացած հակամարտություն կարող է այլ ուժերի ներգրավման պատճառ դառնալ

Աշխարհում տեղի ունեցող գործընթացները խոսում են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի դերի բարձրացման մասին՝ ընդհանրապես, եւ Կովկասի՝ մասնավորապես։ Այսպիսի կարծիք NEWS.am- թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Պատասխանելով Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում՝ Ղազախում եւ Աղստաֆում զինվորական ստորաբաժանումները սահմանապահներով փոխարինելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը մեկնաբանելու մեր խնդրանքին՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ գոյություն ունեն անտեսանելի գործընթացներ, որոնց մասին լայն հասարակայնությունը չի տեղեկացվում, դրանց մասին, սակայն, կարելի է հետեւություններ անել հարակից գործոններով։ Այս համատեքստում քաղաքագետը նշեց տարածաշրջանի կյանքում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը, Հայաստանում եւ Ադրբեջանում նոր դեսպանների նշանակումը։

«Հարկ է ուշադրություն դարձնել դեսպանների կենսագրությանը, հատկապես՝ ռազմական մասը։ Դա խոսում է տարածաշրջանի նշանակության բարձրացման մասին․ ամբողջ Մերձավոր Արեւելքի՝ ընդհանրապես եւ Կովկասի՝ մասնավորապես»,- նշեց Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ գոյություն ունեցող իրավիճակում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պետք է գործեն ավելի զգույշ, քան առաջ էր, քանի որ ցանկացած հակամարտություն կարող է այլ ուժերի ներգրավման պատճառ դառնալ եւ չի կարող տեղային մնալ։

Ընդ որում, քաղաքագետն ընդգծեց, որ իրավիճակի սրման դեպքում այն անդառնալի եւ շատ լուրջ կանդրադառնա Ադրբեջանի վրա։ «Կարծում եմ, որ Ադրբեջանում տեսնում են բոլոր այդ սպառնալիքները եւ ձգտում են նվազեցնել լարվածությունը՝ հասկանալով, որ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ իրենց վրա»,- ամփոփեց Դանիելյանը։

 

NEWS.am

Պիտակ

Մեկնաբանություններ