Feb 16, 2019 15:53 Asia/Tehran
  • Այս անգամ էլ պետք է ԱՄՆ-ի ղեկավարությանը բացատրել Իրանի դերը Հայաստանի համար. իրանագետներ

Այսօր մամուլի ասուլիսին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ, իրանագետներ Ահարոն Վարդանյանը և Նվեր Դավթյանը անդրադարձան Ամերիկայի և Իրանի վատթարացող հարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա:

 

Ահարոն Վարդանյանը նկատեց, որ առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ–Իրան հարաբերությունները վատթարացել են, միշտ են վատ եղել, որոշ շրջանում մեղմացել են և կրկին վատթարացել: «Եղել են բազմաթիվ պատժամիջոցներ, բայց այդ ընթացքում ԱՄՆ–Իրան հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա չեն ունեցել սոսկալի ազդեցություն, քանի մենք կարողացել ենք բացատրել մեր հարաբերությունները կողմերին: Այս անգամ էլ պետք է ԱՄՆ-ի ղեկավարությանը բացատրել Իրանի  դերը Հայաստան համար, կենսական նշանակությունը, և կարծում եմ, որ հայ քաղաքական վերնախավը կկարողանա այս անգամ էլ բացատրել, թե որքան կարևոր է Իրանը մեզ համար, և այդպիսի փորձեր եղել են, երբ, օրինակ՝ Բոլթոնը այցելել էր Հայաստան»,-ասաց նա և նշեց, որ մեր օրակարգը պետք է զարգացնենք Իրանի հետ՝ առաջնորդվելով մեր ազգային շահերով:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան վաղուց պետք է լիներ և ցանկալի կլինի, որ օրակարգը հարուստ լինի, և պատվիրակությունը՝ ներկայացուցչական: «Նախ պետք է բացատրել Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը, որպեսզի Իրանը առաջին ձեռքից տեղեկանա: Պետք չէ բան փոխել հայ-իրանական հարաբերութուններում,  քանի որ նախկինում լավ հենք է եղել, այլ պետք է նոր աստիճաններ կառուցել այդ հենքի վրա»,-ասաց  Ահարոն Վարդանյան և նշեց, որ լավ կլինի, որ Արցախի հարցում էլ ներկայացվի մեր դիրքորոշումը Իրանին:Նվեր Դավթյանն իր հերթին նկատեց, որ Իրանը Սիրիայի հարցում կարողացավ ապացուցել, որ տարածաշրջանում ներքին խաղաղության պահպանման ջատագով երկիր է և տեղին չհամարեց մեղադրանքները, որ Իրանը ապակայունացնող երկիր է:

 

«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և տարածաշրջանային ներկայիս փոփոխությունները չեն կարող անուղղակի ազդեցություն չունենալ, սակայն դրանից պետք է կարողանանք դրական օգուտ քաղել: Ներկայումս կա ինչ-որ կախյալ վիճակ, որը պայմանավորված է ինչ-ինչ գործոններով»,-ասաց նա:

Նվեր Դավթյանը կարևորեց Հայաստան-Իրան փոխադարձ հնարավորությունների լիարժեք բացահայտումը: «Մեր նոր իշխանությունների քաղաքական խնդիրը պետք է լինի նախ և առաջ տնտեսական ոլորտը թափանցիկ և ճանաչելի դարձնել կարողանալը երկու կողմերի տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում եմ, որ անհրաժեշտ է վարչապետի այցի ընթացքում առաջ մղել երկու կողմերի  հարաբերությունների պատրաստակամությանը խանգարող խնդիրների լուսաբանումը՝ կապված բանկային փոխանցումների, ենթակառուցվածքների, հարկային օրենսդրական և այլ խնդիրների հետ»,-ասաց նա և կարևորեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար ճանաչողական հանդիպումներ ունենալը:

tert.am/

Պիտակ

Մեկնաբանություններ