Mar 21, 2019 10:46 Asia/Tehran
  • Նազարբաևը չի հեռացել․ ինչ է սպասվում Հայաստանին ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։

Նա հետխորհրդային երկրների ղեկավարների մեջ ամենաերկարակյացն է։ Նազարբաևը Ղազախստանի ղեկավարումը ստանձնել է 1990 թվականի ապրիլին՝ նախ որպես Ղազախստանի Կոմկուսի առաջին քարտուղար, ապա ՂԽՍՀ-ի նախագահ, իսկ Խորհրդային միության փլուզումից և Ղազախստանի անկախության հռչակումից հետո Ղազախստանի նախագահն էր։

Այսօր Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները՝ երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին։

«Աշխարհաքաղաքական դիրքերից ելնելով՝ կարելի է ասել, որ Նազարբաևի հեռանալով Ղազախստանում սկսվում է փոփոխությունների շրջան, որովհետև ամբողջ աշխարհում տեղի են ունենում հետաքրքիր աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Փաստերը խոսում են այն մասին, որ, իրոք, մեկը մյուսի ետևից նման երևույթներ են առաջանում․ Մադուրոն՝ Վենեսուելայում, Աբդել Ազիզ Բութեֆլիկան՝ Ալժիրում, հիմա Սերբիայում է նման բան կատարվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ղազախստանում, սակայն, ստացվում է այնպես, որ Նազարբաևը իշխանությունը չի հանձնել, նա կշարունակի պաշտոնավարել իբրև Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահ՝ ուժային կառույցները պահելով իր ձեռքում։ Դե ֆակտո նա իշխանությունը չի հանձնել, այլ հրաժարվել է նախագահի պաշտոնից։ «Մեկ տարի հետո կլինեն ընտրություններ, և այդ ժամանակ, թե ինչ կկատարվի, արդեն շատ դժվար է ասել։ Չեմ բացառում, որ հենց նա կարող է վերադառնալ»,- հավելեց Արման Նավասարդյանը։

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ