Mar 26, 2019 11:01 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձում են թույլ կողմին պարտադրել ինչ-որ տարբերակների փաթեթ. Արթուր Մարտիրոսյանը` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պարզ էր, որ այդքան էլ հեշտ չէր լինելու փոխել ԼՂ հիմնախնդրի բանակցային ձևաչափը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար պարզ է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց:

«Արդեն նրանց մոտ ձևավորվել է մի գործընթաց, մի մոտեցում, որտեղ իրենք հարմար են իրենց զգում: Եվ հիմա փոխել, նոր խաղացող ներկայանել սեղանին, ընդ որում, այն պայմաններում, երբ մի կողմը դեմ է դրան, իրենք հարմար չեն համարում: Դրա համար են մերժում»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` եթե մենք ցանկանում ենք, որ Արցախը բանակցային սեղան վերադառնա, պետք է մեզ հարց տանք, թե ինչու ժամանակին Արցախը կարողացել է մասնակցել, բայց այժմ այդքան ընդդիմանում են դրան:

«Չէ՞ որ 1992-1993 թթ. ուղիղ բանակցություններ են եղել, նույնիսկ առանց Հայաստանի բանակցություններ էին լինում Հեյդար Ալիևի և Արցախի միջև: Հիմա ինչո՞ւ չի լինում, որովհետև շատ բան է փոխվել: Ուժային տարբերություն կա, բալանսը փոխվել է, և դա շատ վատ է, որովհետև նշանակում է, որ միջնորդները փորձում են տեսնել թույլ կողմը և թույլ կողմին պարտադրել ինչ-որ տարբերակների փաթեթ»,- ասաց նա:

Բանակցային գործի մասնագետի նկատառմամբ` հայկական կողմն էլ պետք է ցուցադրի, որ այնքան էլ թույլ չէ, որ ցուցաբերի նման մոտեցում: Նրա խոսքով` Ստեփանակերտում Արցախի հետ համատեղ անվտանգության խորհրդի նիստ անցկացնելով էլ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ամուր է իր դիրքերում. Արցախը պետք է մասնակցի բանակցություններին:

«Ես չգիտեմ, մենք այդքան տեղեկատվություն չենք ստանում, թե ինչ նպատակով էր դա արված, բայց կարող ենք ընկալել, որ իր ուղերձը` թե´ հակառակ կողմին, թե´ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այն էր, որ տեսեք` ես լիազորություն չունեմ, որ Ղարաբաղը ներկայացնեմ:

Եվ այդտեղ ճշմարտություն կա»,- ասաց նա:

Tert.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ