Apr 18, 2019 15:53 Asia/Tehran
  • Լավրով. Երևանն ու Բաքուն շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները կատարվեն

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, զգալով մթնոլորտը, որում այժմ ընթանում է աշխատանքը, ես հիմքեր ունեմ կարծելու, որ այս անգամ և Երևանը, և Բաքուն շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները Ղարաբաղի շուրջ չմնան թղթի վրա: Մենք կաջակցենք դրանց իրագործմանը»,-ասել է Լավրովը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

 

PanARMENIAN.Net 

 

Պիտակ

Մեկնաբանություններ