• Հայաստանն ունի ասելիք և անելիք Մյանմայի հարցում. Կարեն Բեքարյան

Մյանմայում գործ ունենք հերթական էթնիկ զտումների, մարդկային ճակատագրերի աննկարագրելի խեղման հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ Tert.am-ի հետ հարցազրույցում։

 Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության արձագանքը կատարվողին պետք է լինի համահունչ իր որդեգրած ձեռագրին՝ որպես պետություն, որն այսօր աշխարհում բոլոր մակարդակներով հետևողական աշխատանք է տանում մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման, հաղթահարման, պատժման, պատասխանատվության ենթարկելու ուղղություններով։- Մյանմայում շարունակվում է ռոհինջա մուսուլմանների դեմ բռնությունը: Փորձ է արվում ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել այդ հարցով, շատ երկրներ արդեն քննադատել են Մյանմայի իշխանությունների գործողությունները: Որքանո՞վ են բավարար այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը, և ի՞նչ քայլեր են դեռ անհրաժեշտ:- Կարծում եմ՝ միջազգային հանրությանն առ այսօր չի հաջողվել կառուցել, ի մի բերել, կյանքի կոչել այնպիսի գործիքակազմ, որը կբացառի նման իրավիճակներն աշխարհում: Չհաջողվելու այդ օրինակներին ականատես ենք եղել բազմիցս:Ժամանակ առ ժամանակ դա առավել ցավագին ենք ընդունում, և այն դառնում է համաշխարհային լրատվադաշտի համար մեկ թեմա, դեպքեր կան, որ այդ ամենը տեղի է ունենում այնպիսի երկրներում և այնպիսի մեթոդաբանությամբ, որ աշխարհը դրա նկատմամբ անգամ անտարբեր է մնում: Փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում, երբ մենք ասում ենք, որ աշխարհն իբրև քաղաքակիրթ է դարձել և այլն, և այլն, նման գործիքակազմ չկա, և, բնականաբար, որևէ կերպ դրա արդյունավետության մասին խոսելը դառնում է անիմաստ:Մյանմայում, իրականում, մենք գործ ունենք հերթական էթնիկ զտումների, մարդկային ճակատագրերի աննկարագրելի խեղման հետ: Բավական է պատկերին նայել անգամ քանակական տեսակետից.  300 հազարից ավելի մարդ մազապուրծ ինչ-որ կերպ հատեց Մյանմայի սահմանը, որքան մարդ էլ գտնվում է բավականին ծանր իրավիճակում: Եվ դա տեղի է ունենում 21-րդ դարում, տեղի է ունենում օրեր շարունակ, և փաստացի չկա ոչ մի գործիք կամ գործիքակազմ, որ կարողանա դա հնարավորինս շուտ կանխել:Կարծում եմ՝ արդեն ձևավորվել է ընկալումը, որ աշխարհի կողմից համարժեք արձագանքի չլինելը կամ ուշանալը, համապատասխան գործողությունների ծրագրի բացակայությունն աշխարհի տարբեր անկյուններում հանգեցնում են ահավոր իրավիճակների, ինչի օրինակ է Մյանման: Ընդամենը վերջին տարիներին նույն Թուրքիայում մենք քանի անգամ ականատես ենք եղել քրդերի հետ կապված գործողությունների, երբ ամբողջական վիլայեթներ, մեծ շրջաններ հայտարարվում էին փակ գոտիներ, որտեղ ոչ լրատվամիջոցների մուտքն էր հնարավոր, ոչ այնտեղից տեղեկատվություն ստանալը: Միայն որոշ ժամանակ անց կարդում էինք, տեղեկանում, թե ինչ գործողություններ են կատարվել և ինչ դաժանությամբ: Ի դեպ, որևէ կերպ տեղին չեն «արդարացումները», որ, օրինակ, այնտեղ կան ահաբեկչական օղակներ, կանխարգելվում է ահաբեկչության հնարավոր տարածումը, և այլն: Հիմա նույն Մյանմայում, դրա մասին շատ է խոսվում, գիտեք, որ այնտեղ կա զինված պայքարի էլեմենտ ինչ-որ խմբերի, խմբավորումների դեմ: Բայց ամբողջ հարցը նրանում է, որ դրանով, միևնույն է, չի կարող բացատրվել բռնությունը: Խաղաղ բնակչությունը՝ կանայք, երեխաները, ծերերը, որևէ կերպ կարո՞ղ են կապ ունենալ այդ գործողությունների հետ. ստացվում է, որ իրականացնողներն այլ խնդիր են լուծում, հստակ է չէ՞:Մյանման ունի նաև հետաքրքիր առանձնահատկություն. թվում էր, թե այնտեղ նման իրավիճակը քիչ հավանական է, կանխարգելու, արագ արձագանքի հնարավորություններն ավելի շատ են: Բավական է միայն հիշել այն փաստը, որ իշխանության ղեկին կանգնածներից մեկը ողջ աշխարհի ուշադրությունը ժամանակին իր վրա հրավիրած նոբելյան մրցանակակիր է՝ հայտնի իր ազատատենչ հայացքներով, մարդ, ով խնդրելու պարագայում կարող էր ժամերի ընթացքում միջազգային հանրությունից օգնություն ստանալ (օգնություն ասելով՝ ես նկատի ունեմ հարցն այլ ուղղությամբ տանելը և այս իրավիճակին չհասցնելը): Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ դեր չունեցավ: Սա լրացուցիչ մտածելու տեղիք է տալիս:- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արձագանքը, և այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում: Որքանո՞վ է հանրությանը հուզում այս հարցը:- Կարծում եմ քիչ չեն իրավիճակները, երբ մեզ մոտ՝ Հայաստանում, լրատվադաշտը չի արտացոլում հանրային տրամադրությունները, և հանրության համար կարևոր թեմաները չեն երևում լրատվադաշտում: Անհատական շփումների, մարդկանց հետ հանդիպումների ժամանակ բազմիցս լսել եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, զգացել եմ բավական սրտացավություն այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Մյանմայում: Վերջին օրերին իմ լսածն ու տեսածը որևէ կերպ համապատասխանության մեջ չէ լրատվադաշտում եղածին՝ թե՛ քանակական, թե՛ որակական արտացոլման առումով:Իրականում խնդիրը հետևյալն է. մենք, որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որպես պետություն, որն այսօր աշխարհում բոլոր մակարդակներով բավականին էական և հետևողական աշխատանք է տանում մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման, հաղթահարման, պատժման, պատասխանատվության ենթարկելու ուղղություններով՝ ուրիշ ձևով ենք ընկալում տեղի ունեցողը, մենք այդ ամենի հանդեպ շատ ավելի զգայուն ենք:Կարծում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության կողմից արձագանքը պետք է լինի համահունչ որդեգրած ձեռագրին, որը երկիրն ունի մարդկության դեմ հանցագործություններին առնչվող հարցերի ողջ համայնապատկերում. հարցեր, որոնց նկատմամբ եղել ենք զգայուն, նախաձեռնող և հետևողական: Հետևաբար, այս հարցի հետ կապված էլ իհարկե մեր արձագանքը պետք է լինի համարժեք, նույն այդ ձեռագրին համահունչ:Ոչ մի տարբերություն չկա երկրագնդի որ հատվածի մասին ենք խոսում, ոչ մի տարբերություն չկա որ ազգի կամ էթնոսի մասին ենք խոսում, ոչ մի տարբերություն չկա որ կրոնի ներկայացուցիչների մասին ենք խոսում՝ երբ հանցագործությունը մարդկության դեմ է և ենթակա է այդ դասակարգմանը, Հայաստանի Հանրապետությունն ունի ասելիք և անելիք: Ես կարծում եմ, որ մենք այդ անելիքին, այս հարցի նկատմամբ ուշադրության հրավիրմանը, դրան անդրադարձին ականատես լինելու ենք, որովհետև դա անմիջականորեն կապված է այն քաղաքականության, ուղեգծի հետ, որին Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերջին տարիների ընթացքում:

Sep 13, 2017 17:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ