• Թուրքիա-Ռուսաստան С-400-ների գործարքը Հայաստանի համար մեծ հաշվով վտանգ չի ներկայացնում. փորձագետներ

Մոսկվան և Անկարան սեպտեմբերի 12-ին ստորագրել են ռուսական С-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր. Թուրքիան կատարել է այս գործարքով առաջին վճարումը:

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով այս ամսաթիվը պատահակ չէ ընտրված: «Նյու Յորքում մեկնարակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս գործարքի միջոցով Էրդողանը հնարավորություն է ստանում ճնշում գործադրել Թրամփի վրա», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշեց թուրքագետը՝ հավելելով, որ կախված ԱՄՆ-ի հետ առաջիկայում ունեցած պայմանավորվածություններից՝ չի բացառվում, որ Անկարան կարող է հրաժարվել այս գործարքից և վերջինս կունենա իր տրամաբանական ավարտը:

Փորձագետ Ստյոպա Սաֆարյանն «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս գործարքը Ռուսաստանի անվտանգային քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է՝ միտված Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Արևմուտքի գործոնի նվազեցմանը:

Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառում, որ գարծարքը կունենա իր տրամաբանական ավարտը, քանի որ Էրդողանը դժվար թե կարող է փոխել թուրքական պետության ընթացքը և  ինչ-որ պահի կհրաժարվի գործարքից:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա այս գործարքի ունեցած ազդեցությանը, ապա փորձագետները կարծում են, որ մեծ հաշվով այն որևէ սպառնալիք չի ներկայացնում մեր երկրի համար: «Գործարքը Հայաստանի համար սպառնալիք է այնքանով, որ խոսքը վերաբերում է մի երկրի, որը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որը միացել է Ադրբեջանի շրջափակման քաղաքականությանը, որն ավելի շատ ռազմականացված պետություն է և ինքնուրույն ռազմական գործողություններ է իրականացնում», - նշել է Ստյոպա Սաֆարյանը: Ռուբեն Սաֆրաստյանն, իր հերթին, այս կապակցությամբ ընդգծեց, որ Ռուսաստանն այդ զենքը վաճառում է իր հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամին՝ հիշեցնելով, որ զենքը պաշտպանողական է:

Նշենք, որ գործարքի մանրամասները չեն հաղորդվում՝ ելնելով թեմայի «առանձնահատկությունից և նրբությունից»: «Պայմանագիրը մեկնաբանելու առաջնային իրավունքը պատկանում է պատվիրատուին: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիային տվյալ համակարգի մատակարարումը համապատասխանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին», - այս կապակցությամբ նշել են Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ С-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով:

С-400 համակարգեր ստանալու Թուրքիայի մտադրության մասին առաջին հայտարարությունները հայտնվել էին դեռևս 2016 թվականի աշնանը։ Bloomberg-ի փոխանցմամբ Ռուսաստանը Թուրքիային կտրամադրի 4 դիվիզիոն С-400՝ 2.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, ինչը ՆԱՏՕ-ից դուրս Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: Ընդ որում, նշվում էր, որ դիվիզիոններից երկուսը Թուրքիան կգնի պատրաստի վիճակում, իսկ մյուս երկուսը կհավաքեն ինքները: Վելուծաբանները նշում են, որ Թուրքիայի հետ այս պայմանագիրը կարող է իրագործվել երկու տարվա ընթացքում:

«Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգերը, որոնք իրենց անալոգը չունեն աշխարհում, նախատեսված են օդային օբեյկտների՝ այդ թվում նաև ինքնաթիռների և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար:

Sep 13, 2017 19:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ