• Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին Վիեննայում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգում գտնվող հրատապ խնդիրներին՝ դրական գնահատելով, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերջին զարգացումները։ «Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը», ասաց ԱԳՆ ղեկավարը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Ադրբեջանի ապակառոցողական քայլերի պատճառով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման բացասական հետևանքները՝ նշելով, որ Բաքուն ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո թիրախավորեց և փաստորեն արգելափակեց տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասենյակի գործունեությունը: «Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ», ընգծեց Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ նախարարական համաժողովին նախարար Նալբանդյանի ելույթի հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն էին և Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարվելու և ստատուս քվոյի պահպանմանը միտված գործողությունները։

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները: «Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար: Հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է ճանապրհ հարթել ստատուս քվոի փոփոխման համար: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու ուղղությամբ, միաժամանակ փորձելով ձևացնելով, թե կողմ է ստատու- քվոյի փոփոխմանը», իր խոսքում շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Armenpress.am

 

Dec 07, 2017 19:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ