• Աղոթում ենք աշխարհի խաղաղության համար. Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով:

«Արմենպրես»­ը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տրամադրված ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան: 2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր­եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի, ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը: Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100­ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ: 2018 թ., սիրելիներ, դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:

Armenpress.am

 

Պիտակ

Jan 01, 2018 11:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ