• Ռուսաստանը Հայաստանի առաջին դաշնակիցն է. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի առաջին դաշնակիցն է համարվում Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրման ենթատեքստում կարո՞ղ են երկրի առաջ նոր մարտահրավերներ ծառանալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների շարունակվող սրման ֆոնին:

Նրա խոսքով՝ Հայաստանը այսուհետեւ եւս պետք է տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար կապերը խորացնի իր դաշնակցի հետ՝ ի դեմս Ռուսաստանի: «Եվ Հայաստանը, ինչպես մինչեւ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ հիմա համարում է, որ ՌԴ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններն այլընտրանք չունեն»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Երեւանը պետք է իր կապերը խորացնի ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Խոսելով Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների մասին՝ ԱԺ փոխխոսնակը հավաստիացրեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ մի կողմից ԵՏՄ-ի, մյուս կողմից Եվրամիության միջեւ, ինպես նաեւ Իրանի եւ ԵՏՄ-ի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հարկ է գործընկերներին դաշնակիցներից տարբերակել: Այսպես, նրա խոսքով, Հայաստանին ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններն են կապում, իսկ Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ ԵՏՄ երկրների հետ՝ դաշնակցային: «Իսկ դաշնակցային հարաբերությունները մեկ կարգ բարձր են, քան գործընկերայինները»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության շրջանակային համաձանագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

News.am

 

Jan 02, 2018 15:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ