• Դեռևս շատ անելիք ունենք՝ հայ-իրանական հարաբերությունները վերածելու ռազմավարականի

Հայաստանի և Իրանի հարաբերությունները շարունակել են զարգանալ 2017 թ. քաղաքական դաշտում:

Դրական տեղաշարժեր կան նաև տնտեսական համագործակցության ոլորտում: Խոսքն առաջին հերթին Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին է: Քննարկվում են տարածաշրջանային համագործակցության մի քանի կարևոր ձևաչափեր, որոնք շահավետ կարող են լինել թե՛ հայկական և թե՛ իրանական կողմի համար, օրինակ՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային գործակցությունը կամ Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային և էներգետիկ համագործակցությունը:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ամփոփել է 2017 թ. ընթացքում հայ-իրանական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները՝ ասելով, որ հեռանկարներ կան նույնիսկ ռազմական ոլորտում հայ-իրանական գործընկերության համար: Իրանագետը հայ-իրանական հարաբերությունները համառոտ բնորոշում է որպես «ռազմավարականի ձգտող»՝ միաժամանակ շեշտելով, որ դեռևս անելու շատ բան ունենք հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Պարոն Ոսկանյան, ի՞նչ առաջընթաց է արձանագրվել հայ-իրանական հարաբերություններում 2017 թվականի ընթացքում: Տեսնո՞ւմ եք դրական դինամիկա այն իմաստով, որ մենք միշտ ասում ենք, թե Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական հարաբերությունների մակարդակը չի բավարարում: Վերջին զարգացումները հույս տալի՞ս են, որ կզարգանան նաև տնտեսական հարաբերությունները:

– Նախ, կուզենայի շեշտել, որ քաղաքական հարաբերությունների մակարդակում էլ հայ-իրանական երկկողմ գործակցությունը որոշակիորեն սերտացել է: Ասվածի վառ ապացույցը կարող է լինել ՀՀ նախագահի այցը Իրան, նաև իրանցի բազմաթիվ պաշտոնյաների, տնտեսական և քաղաքական պատասխանատուների այցերը Իրան այս տարվա ընթացքում: Կա մեկ այլ կարևոր հանգամանք, որը պետք է անպայմանորեն շեշտվի: Դա իրանական լրատվամիջոցներում հայկական ներկայության ապահովումն է 2017 թվականի ընթացքում: Խոսքը վերաբերում է Հայաստանի նախագահի երկու հարցազրույցներին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հարցազրույցին, որոնք տպվեցին իրանական առաջատար ԶԼՄ-ներում և Հայաստանը զգալիորեն ճանաչելի դարձրեցին իրանցիների համար: Բացի այս, հայաստանցի մի շարք փորձագետներ, արևելագետներ եղել են Իրանում, հանդես են եկել նաև մամուլի էջերում, մասնակցել են գիտաժողովների, փորձագիտական քննարկումների, և այս իմաստով կարող եմ անցնող տարին գնահատել գերազանց:

Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա տնտեսական դաշտում ամենալուրջ ձեռքբերումը, անշուշտ, Մեղրիի ազատ տնտեսական գոտու հիմնումն էր կամ դրա առաջին փուլի գործարկումը՝ չափազանց կարևոր քայլ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտին դիտարկվում է ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների համատեքստում, այլև, մի կողմից, Իրան-Եվրասիական տնտեսական միություն, իսկ մյուս կողմից էլ, հաշվի առնելով Հայաստանի և Եվրամիության միջև վերջերս կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նաև Իրան-Եվրամիություն համագործակցության համատեքստում: Եվ մենք պետք է զգալի ջանքեր և ուշադրություն կենտրոնացնենք, որպեսզի այս տնտեսական գոտու ծրագիրն իրականացվի և կայանա: Սա չափազանց կարևոր է նաև ըստ իրանցիների:

Հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից շատ կարևոր էին նաև 2017 թ. ընթացքում տեղի ունեցած քննարկումները եռակողմ տնտեսական ձևաչափերի վերաբերյալ: Առայժմ այդ ձևաչափերն իրենց վերջնական ձևակերպումը չեն ստացել, բայց քննարկումը և աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն իսկ խրախուսելի են: Խոսքը Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազային գործակցության հեռանկարների, Իրան-Հայաստան-Վրաստան կրկին գազային և էներգետիկ գործակցության հեռանկարների և նաև քառակողմ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման մասին: Այս ծրագրերը չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը, ըստ էության, դրանց իրականացման պարագայում կարևորագույն դերակատարություն կստանձնի մեր տարածաշրջանում տնտեսական առումով:

ՁԳՁԳՎՈՂ ԾՐԱԳԻՐ

Բացթողումներից կարելի է նշել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հերթական հետաձգումը: Այս մայրուղին կենսական նշանակություն ունի Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով: Դրա մասին խոսել են բազմիցս և բազմաթիվ անձինք: Եվ կարծում եմ, որ ամենակարևոր աշխատանքը գալիք տարվա ընթացքում, Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, պետք է կենտրոնացվի այս ավտոճանապարհի կառուցման վրա, որովհետև իրանցիներն ակնհայտ ցանկություն ունեն Հայաստանի տարածքն օգտագործելու տարանցիկ փոխադրումների համար, և դա լրջագույն ձեռքբերում կլինի մեր պետության համար՝ ամրապնդելով հայ-իրանական գործակցությունը ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հարթությունում:

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍ

Հայ-իրանական հարաբերությունների տիրույթում իրականացվել են նաև բազմաթիվ, այսպես ասենք, ոչ խոշոր ծրագրեր: Հայաստանում բացվել են իրանական ընկերությունների ներկայացուցչություններ, Հայաստանում գործող «Մելլաթ» բանկն է ընդլայնել իր գործունեությունը, մեր գործարարները որոշակի ակտիվություն են դրսևորել Իրանում ցուցահանդեսների, զանազան գործարքների միջոցով: Սրանք ևս չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործակցությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտում շատ ավելի արագ ազդեցություն է թողնում այդ ոլորտում ընդգրկված մարդկանց տնտեսական կենսակերպի վրա: Եվ այս իմաստով դրանք էլ աչքաթող անելը ճիշտ չի լինի:

ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՈՐՈՇ ՌԻՍԿԵՐ

– Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների վերացումը կամ մեղմացումն ազդե՞լ է հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության և իրանական ներդրումների վրա: Իհարկե, նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը, կարծես թե, մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, խստացնել քաղաքականությունը Իրանի նկատմամբ:

– Կարծում եմ՝ այդ պատժամիջոցների սպառնալիքն ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, բայց այսուհանդերձ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հռետորաբանության սրացումը, անշուշտ, ստեղծում է որոշակի ռիսկեր հայ-իրանական հարաբերությունների համար ևս՝ հաշվի առնելով այն, որ շատ դեպքերում այդ ռիսկայնությունը թույլ չի տալիս հեռագնա ծրագրեր իրականացնելու՝ մասնավորապես բիզնեսի մասնավոր հատվածի կողմից:

Բայց կրկնեմ՝ քանի որ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները վերաբերում են Իրանի հրթիռային և ռազմական ծրագրերին, չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետև Հայաստան համագործակցություն չունի Իրանի հետ հրթիռային արդյունաբերության ոլորտում՝ հաշվի առնելով օբյեկտիվ պատճառները: Այդուհանդերձ, որոշակի ռիսկայնություն դրանցում կա, և շատ կարևոր է, որպեսզի մերձավորարևելյան տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ տարած հաղթանակից հետո ստեղծվի կայունություն, որն, անշուշտ, նպաստավոր է նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը, թեև շատ դեպքերում նշում ենք, որ գտնվում է Հարավային Կովկասում, բայց իրականում մեր երկիրը սերտ աղերսներ ունի Մերձավոր Արևելքի հետ և ինչ-որ առումով այդ տարածաշրջանի մաս է:

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆԸ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

– Հայաստանի նախագահը օրեր առաջ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ շեշտեց Իրանի սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտու մասին: Մեղրիի ազատ տնտեսական գոտին ընդհանրապես քաղաքական, ռեգիոնալ ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ ծրագրերի շրջանակներում է դիտարկվում:

– Ընդհանուր առմամբ, Հայաստանը փորձում է խելամտորեն զարգացնել իր հարաբերությունները մեր երկու հարևանների հետ, որոնց հետ ունենք երկարատև գոյակցության պատմական փորձ և բարեկամական հարաբերությունների դրական պատմություն: Այս իմաստով մեր երկիրը կարող է կարևորագույն դերակատարություն ստանձնել Վրաստանի համար այլընտրանքներ ապահովելու տեսանկյունից: Խոսքը Վրաստանի՝ թուրք-ադրբեջանական դաշինքից կախվածությանը այլընտրանքներ առաջարկելու մասին է: Իսկ նման այլընտրանք կարող է լինել, բնականաբար, Վրաստանի և Իրանի միջև հարաբերությունների սերտացումը կամ այլ խոսքերով՝ հայ-իրանական ներկայությամբ թուրք-ադրբեջանական ներկայությունը Վրաստանում կրճատելու հնարավորությունը: Եվ այս համատեքստում շատ խելամիտ է, որպեսզի Հայաստանը ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, առաջարկի վրացական կողմին՝ որպես կարևոր հարթակ վրաց-իրանական համագործակցության համար՝ անշուշտ, հայկական միջնորդությամբ:

ՊԵՏՔ Է ՖԻՆԱՆՍՆԵՐ ԳՏՆԵԼ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ

– Ի՞նչ հույսեր կան, որ հաջորդ տարվա ընթացքում կակտիվանան աշխատանքները տրանսպորտային հաղորդակցության զարգացման, միջանցքների կառուցման ուղղությամբ՝ այն ծրագրերի շրջանակներում, որոնց մասնակցում են Հայաստանը և Իրանը, և որոնք գլխավորապես իրականացվում են Հյուսիս-Հարավ, Պարսից ծոց-Սև ծով նախագծերի համատեքստում: Մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, և ի՞նչ հույսեր կան, որ գործնական քայլեր կսկսեն իրականացնել հայ-իրանական երկաթուղու կառուցման ուղղությամբ:

– Կարծում եմ՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը առաջիկայում գտնվելու է Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ գործադրվելու են լուրջ ջանքեր: Այժմ փորձնականորեն գործարկված մուլտիմոդալ փոխադրումների համակարգը ևս, կարծում եմ, լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի ճանապարհով եվրոպական երկրների հետ Իրանի տրանսպորտային կապը ապահովելու համար:

Եվ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրն էլ չպետք է երբևիցէ հանվի օրակարգից: Այն ինչպես տնտեսական հարթությունում է շահավետ մեր երկրի համար, այնպես էլ ունի աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն: Եվ մենք չպետք է դադարեցնենք մեր ջանքերը՝ այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում գտնելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլև սփյուռքահայ համայնքներին, և հաշվի առնելով նաև հայ մեծահարուստների ունեցած ֆինանսական հնարավորությունները՝ կարծում եմ, որ մեզ համար ամոթալի է, եթե չկարողանանք իրականացնել այդ՝ մեր երկիրը փաստացիորեն շրջափակումից հանող ծրագիրը և դրանով ի չիք դարձնել թուրք-ադրբեջանական շրջափակման բոլոր վտանգները և հետևանքները:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆԻ ՁԳՏՈՂ

– Եվս մի հարց ռազմական գործակցության մասին: 2017 թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Իրան, այնտեղ բարձր մակարդակի ընդելության արժանացավ: Թեհրանում քննարկվեցին պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները: Որքանո՞վ է հեռանկարային գործակցությունը ռազմական ոլորտում: Եվ երկրորդը՝ ինչպե՞ս եք ընդհանրապես բնորոշում հայ-իրանական հարաբերությունները՝ բարեկամական, բարիդրացիական, թե՞ ռազմավարական բնույթի հարաբերություններ:

– Պաշտպանական և անվտանգային ոլորտն ունի յուրահատկություն և այդ ոլորտի մասին տեղեկատվությունը շատ հաճախ լինում է հակիրճ և սուղ: Այս իմաստով հայ-իրանական գործակցությունը այս դաշտում առկա է՝ համենայնդեպս, ստեղծված կապերի և նախնական ծրագրերի մակարդակով, բայց կարծում եմ՝ սխալ կլինի ակնկալել, որ դրա վերաբերյալ կլինի բազմակողմանի, համապարփակ տեղեկատվություն: Սա բնական է, քանի որ խոսքը երկու երկրների պաշտպանական և անվտանգային ոլորտի մասին է: Բայց գործակցությունն այս դաշտում չափազանց կարևոր է երկու կողմերի համար, և երկու երկրներն էլ գնահատում են միմյանց ջանքերը՝ հաշվի առնելով նաև ընդհանուր անվտանգային սպառնալիքները: Իսկ այդ սպառնալիքները միանշանակորեն բխում են Ադրբեջանից:

Եթե դառնամ ձեր վերջին հարցին, ապա հայ-իրանական հարաբերությունները կարելի համառոտ բնորոշել որպես ռազմավարականի ձգտող: Մենք դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի այդ հարաբերությունները ամբողջությամբ վերածվեն ռազմավարականի, բայց այդ հարաբերություններն ընդլայնված են, գործակցային և շատ ոլորտներում՝ ռազմավարականի ձգտող: Եվ դա բնական է, որովհետև թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում Հայաստանի և Իրանի շահերի դեպքերի գերակշիռ մեծամասնությամբ ուղղակիորեն համընկնում են, և նշված տարածաշրջաններում առկա անվտանգային, տնտեսական և այլ ոլորտների ռիսկերը և սպառնալիքները հավասարապես սպառնում են թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության շահերին, հետևաբար մեր երկու պետությունների բարեկամական հարաբերությունները,- իսկ անձնական մակարդակում, կարծում եմ, հայաստանցիները և իրանցիները շատ դեպքերում ունեն նույնիսկ եղբայրական հարաբերություններ,- պետք է հնարավորինս խորացվեն, ընդլայնվեն, և ո՛չ մենք, ո՛չ էլ իրանցիները չունենք այլընտրանք դա չանելու համար:

1in.am

 

Պիտակ

Jan 03, 2018 14:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ