• Իրանի հետ մեր առկա և ծրագրվող հարաբերություններն ունեն հեռու տեսլական և առաջիկա 100-200 տարվա մեջ չեն փոփոխվելու. Գառնիկ Ասատրյան

Մեզ համար շատ կարևոր է արևելագիտության ուսումնասիրությունը. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նա նշեց, որ դա հաշվի առնելով՝ Սլավոնական համալսարանում որոշվել է գիտական ուղղությանը մեծ ուշադրություն դարձնել՝ վերջերս այնտեղ Արևելագիտության ինստիտուտ բացելով:
«Մեզ համար արևելագիտությունն ունի առաջնակարգային նշանակություն՝ ազգային անվտանգության հայեցակարգի, հարևան ժողովուրդներին ճանաչելու տեսանկյունից, հարևանների հետ փոխհարաբերությունները մշակելու տեսլականի, հարևան ժողովուրդներին հասկանալու, մեր ապագան, մեր տեղը ժամանակի և տարածության մեջ տեղ գտնելու տեսանկյունից: Դա կարևոր գիտաճյուղերից է Հայաստանում»,- ասաց նա:
Վերջին տարիների ընթացքում արևելագիտություն ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում են եղել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Գառնիկ Ասատրյանի խոսքով ՝ այսօր տեսնում ենք, որ ճիշտ են դիտարկումները, որ Մերձավոր Արևելքը, Միջին Արևելքը, նաև Ասիան եռացող կաթսա են:
«Ամեն օր նոր զարգացումներ են տեղի ունենում, երբեմն անսպասելի»,- ասաց նա՝ մատնանշելով, որ նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էին քրդական պետականության ստեղծման տեսլականի ամբողջությամբ վերանալը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տապալումը, Սիրիայի տարածքների մեծ մասի՝ կառավարական ուժերի հսկողության տակ անցնելը և թուրք-իրանական և ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի դրական դինամիկան:

Գառնիկ Ասատրյանի խոսքով՝ կարևոր զարգացումներ նախորդ տարվա վերջին նկատվեցին նաև Իրանում:
«Ոչ զանգվածային այդ խլրտումները ստացան «հեղափոխություն» գնահատականը: Փորձ արվեց իրավիճակը խարխլել երկրում, որը չհաջողվեց: Դա դասական գունավոր հեղափոխության փորձ էր՝ իրանական վարչակարգը տապալելու համար: Իսկ իրանական վարչակարգի տապալումը հղի է մեծ, անկանխատեսելի հետևանքներով՝ մասնավորապես Իրանի մասնատման խնդիրն է դրվում որոշակի շրջանակների կողմից, իսկ դա չի բխում մեր ազգային շահերից: Իրանի տարածքային ամբողջականության խնդիրը մեզ համար շատ կարևոր է, և այդ գործընթացը մեզ համար դրական վախճան ունեցավ»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ԱՄՆ-ն շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը, արդյո՞ք կարելի է համարել, որ Իրանում եղած զարգացումները վախճան ունեցան, Գառնիկ Ասատրյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հակաիրանական տրամադրվածություն է ունեցել, դա առավել շատ ընդգծվեց ներկայիս նախագահի վարչակազմի քաղաքականությունում։
«Իրանում բռնկված խլրտումներին փորձ արվեց տալ այլ երանգ, ուղղորդել, ինչը չստացվեց՝ իրանական իշխանությունների շատ մտածված, խելամիտ գործողությունների արդյունքում: Այսինքն՝ հեղափոխության փորձը չկայացավ, ընդհակառակը՝ ցույց տվեց, որ ժողովուրդը պաշտպանում է իսլամական վարչակարգը, իսկ դա կարևոր է և բխում է մեր երկրի շահերից»,- նշեց նա:
Իրանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ըստ Գառնիկ Ասատրյանի,պետք չէր, որ Հայաստանն իր դիրքորոշումը հայտներ: «Հայաստանը չի կարող նետվել ամեն մի հախուռն պրոցեսի մեջ և ամեն տեղ հայտնել իր կարծիքը: Մանավանդ, որ այդ կոնտեքստում մեր կարծիքը կարևոր չէ»,- ասաց նա:
Նա նկատեց նաև, որ Իրանի համար ամենադժնդակ ժամանակաշրջանում Հայաստանն Իրանի կողքին է եղել, բոլոր միջազգային ատյաններում պաշտպանել է Իրանին, և Իրանը նույնպես մշտապես իսլամական ֆորումներում Հայաստանի նկատմամբ գոնե չեզոք դիրքորոշում է հայտնել, եթե ոչ դրական:
Արդյո՞ք Հայաստան-Իրան հարաբերությունները չեն տուժի երկրում վերջին շրջանում բռնկված խժդժություններից. Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերություններում տեղաշարժը հետընթաց չի ապրի, հակառակը՝ դեռ նոր զարգացումներ կլինեն:
«Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարավային հարևանի հետ, այդ հարաբերությունները եթե ոչ ռազմավարական, ապա ռազմավարականին մոտ հարաբերություններ են: Իրանի հետ մեր եղած և ծրագրվող հարաբերություններն ունեն հեռու տեսլական և առաջիկա 100-200 տարվա մեջ չեն փոփոխվելու, որովհետև մեր շահերը տարածաշրջանում ընդհանուր են, մեր մշակույթները ընդհանուր են, մենք մոտ ժողովուրդներ ենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Tert.am

 

Jan 13, 2018 11:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ