• ԵՏՄ-ի եւ Չինաստանի համաձայնագրից Հայաստանը կարող է տնտեսական դիվիդենդներ ստանալ. Գագիկ Մակարյան

Հայաստանը կարող է ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ կնքված առեւտրատնտեսական համաձայնագրից: Այս մասին է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ Չինաստանը փորձում է որոշակի դիրք գրավել տարածաշրջանում: «Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա իր հարեւանների հետ հարաբերությունները հավասարակշռել», - նշել է տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ տնտեսական առումով Հայաստանը տնտեսական օգուտ կքաղի այն հանգամանքից, որ կկարողանա էժան եւ որակյալ արտադրական գծեր ներմուծել, մատչելի լիզինգային գործիքների օգտագործմամբ Չինաստանից արտոնյալ մաքսային ռեժիմով սարքավորումներ եւ տեխնիկա ներկրել:

«Այս կերպ Հայաստանը կկարողանա արդիականացնել հայրենական արդյունաբերությունը, եւ միեւնույն ժամանակ վարկերով չծանրաբեռնվել: Բացի այդ, չինական ընկերությունները կկարողանան Հայաստանում բաղադրիչներ հավաքելու գործարաններ ստեղծել», - բացատրել է Մակարյանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Ղազախստանում կայացած Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ:

NEWS.am

Մայիս 20, 2018 11:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ