• Ընդլայնվում է Իրանի ու Հայաստանի ոստիկանության ուժերի միջև համագործակցությունը

Հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ոստիկանության պետն ընդգծեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնց համատեսքսում նաև սերտ համագործակցությունը իրավապահ կառույցների միջև, որը գնալով զարգանում է:

Սեյեդ Քազեմ Սաջադին էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ ու փոխանցեց Իրանի ոստիկանության պետի հրավերը:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների հանդիպումներով է՛լ ավելի կզարգանա գերատեսչությունների համագործակցությունը:

Խոսվեց նաև, որ հանդիպումները ոստիկանության սահմանային ստորաբաժանումների անձնակազմերի միջև ևս փոխշահավետ կլինի: Կարևորվեց երկու երկրների համագործակցությունը հատկապես թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ու հետախուզվողների հայտնաբերման գործում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում մշտապես արժանացել են լավ վերաբերմունքի, և նրանց անվտանգությունն ապահովելու հարցում գնահատելի դեր ունի ոստիկանությունը: Դեսպանը հայտնեց, որ վերջին շրջանում նկատվում է իրանցի գործարարների հետաքրքրության ակտիվություն՝ Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու հարցում:

ՀՀ ոստիկանության պետը երաշխավորեց, որ մեր երկրում թե՛ իրանցի զբոսաշրջիկները, թե՛ գործարարները իրենց ապահով ու անվտանգ կզգան:Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Jul 13, 2018 00:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ