• Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն սահմանափակվում միայն մեկ ղարաբաղյան կարգավորմամբ. քաղաքագետ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ղարաբաղյան կարգավորմամբ:

Նման տեսակետ հուլիսի 20-ին Երեւանում անցկացվող «Հայաստանն ու Ռուսաստանը. Իիրականություն, խնդիրներ եւ հնարավորություններ» թեմայով համաժողովի ընթացքում հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ այս խնդիրը,  իհարկե, ինքնին չափազանց կարեւոր է հայկական կողմի համար՝ անվտանգության եւ ազգային ինքնության համատեքստում: «Մենք խոսում ենք ընդհանուր տարածաշրջանային անվտանգության մասին, բայց ռուս-հայկական դինամիկային հազվադեպ ենք անդրադառնում: Ահա, այսպիսի պարադոքս: Կամ մենք խոսում ենք այս մասին, բայց ես դա «կենացների» քաղաքագիտություն եմ անվանում»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Նա նաեւ հավելեց, որ երկու կողմերի միջեւ քաղաքական վերլուծության մակարդակը, ըստ երեւույթին, բավականաչափ բարձր մակարդակի վրա չէ, եւ դրա պատճառով տարբեր տեսակի թյուրըմբռնումներ են առաջանում:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ այն դժվարին աշխարհաքաղաքական պայմանները, որոնցում Հայաստանը հայտնվել է, մասնավորապես՝ երկու փակ սահմանները, թշնամական հարեւանների առկայությունը՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնց բնակչությունը զգալիորեն գերազանցում է Հայաստանի բնակչությունը, նպաստում են Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

News.am

 

 

Պիտակ

Jul 21, 2018 20:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ