ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացելով ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման փակագծերը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ այս առաքելությունն իրականացվելու է Ռուսաստանի հետ համատեղ։

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությամբ այլ երկրներում իրականացվող նույնպիսի առաքելություններին:

Դատելով առկա փաստերից, նաև տարբեր առիթներով ռուսական կողմի ու հատկապես Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններից հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներում որոշակի բարդություններ են առաջացել: Այդ կապակցությամբ իրենց դերակատարությունն են ունեցել «Մարտի 1»-ի գործով քննությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուր Խաչատուրովին ու մի շարք այլ նախկին պաշտոնատարների առաջադրված մեղադրանքները: Փաշինյանի Մոսկվա կատարած այցն ու Պուտինի հետ հանդիպումը միտված էր հստակեցում մտցնելու կողմերի միջև հարաբերություններում:

Ինչ վերաբերում է Սիրիայում Ռուսաստանի հետ հումանիտար բնագավառներում համագործակցության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը դա պարունակում է երկու կարևոր կետ, որոնք խորհելու տեղիք են տալիս:

Նախ պիտի արձանագրել, որ Սիրիայում ճգնաժամ ծագելուց ու հատկապես հայաշատ Հալեպ քաղաքը բախումների կիզակետում հայտնվելուց հետո Հայաստանի կառավարությունը տարբեր ձևաչափերով հումանիտար օժանդակություններ է ցուցաբերել ոչ միայն Հալեպի հայությանն, այլև ողջ Սիրիայի ժողովրդին: Նույն շրջագծում և ռուսական կողմի համագործակցությամբ օժանդակությունների բազմաթիվ բեռնվածքներ են առաքվել Սիրիա ու դա իրականացնելու համար որևէ ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության կարիք չի զգացվել: Իսկ եթե այսօր նման առաքելության շուրջ երկրների ղեկավարների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվում ու այդ մասին հայտարարվում է բարձրաձայն կարելի է ենթադրել, որ դա հետապնդում է որոշակի նպատակ, ինչը սահմանափակված չի կարող մնալ սոսկ հումանիտար ոլորտներով: Իհարկե դատելով հայկական կողմի տեխնիկական հնարավորություններից Սիրիայում նրա կողմից ներկայացված հումանիտար օժանդակությունն ուշագրավ չի կարող լինել, այդուհանդերձ դա ռուսական կողմի համար ունենալու է խորհրդանշական կարևորություն:

Երկրորդ կետը վերաբերում է Հայաստանի իրականացրած խաղաղապահ մյուս առաքելություններին: Պիտի հիշեցնել, որ սպասվող համագործակցությունը լիարժեքորեն տարբերվում է մյուսներից: Սիրիայում հայկական խաղաղապահ առաքելությունն իրականացվելու է բացարձակապես Ռուսաստանի համագործակցությամբ՝ բնականաբար տեղավորվելով Սիրիայում Ռուսաստանի հետապնդած շահերի շրջագծում, մինչդեռ Հայաստանի մյուս առաքելություններն իրականացվում են միջազգային մասշտաբներով՝ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի կառույցների հովանու ներքո, չծառայելով որոշակի երկրի շահերին: Բացի այդ ի տարբերություն մյուս առաքելությունների, որոնք իրականացվում են այնպիսի տարածքներում, որտեղ միմյանց չեն բախվում գերպետությունների շահերը և առկա չէ լարվածության սրման մոտալուտ վտանգ, Սիրիայի դեպքում Հայաստանն ուղղակի ներքաշվում է մի տարածաշրջան, որտեղ այս պահին՝ Իդլիբի հարցով, գագաթնակետին է հասել մի կողմից Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցներ՝ Ռուսաստանի ու Իրանի և մյուս կողմից ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև լարվածությունը:

Այս շրջագծում կարևորությամբ պիտի հիշատակել այն փաստը, որ Փաշինյանի մոսկովյան այցի թվականն ու օրակարգը հստակեցվելուց հետո նրան մեկ շաբաթ տարբերությամբ Փարիզ է կանչել Ֆրանսիան, որն ինչպես արդեն ասվեց այսօր Սիրիայում Ռուսաստանի դիմացի ճակատում կանգնած է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողքին:

 

Sep 10, 2018 06:39 Asia/Yerevan
Մեկնաբանություններ