• Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվել է խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորել է ԵԱՀԿ ԽՎ կողմից ցեղասպանությունների հիշատակման և կրթության վերաբերյալ հանձնառությունների իրականացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է կարգավորման գործընթացն այլ հարթակներ, այդ թվում՝ խոհրդարանական, տեղափոխելու փորձերի բացառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միջազգային միջնորդության մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Armenpress.am          

 

Պիտակ

Sep 11, 2018 21:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ