• ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում նախատեսված չէ. Տիգրան Բալայան

Ադրբեջանի կողմից կոպտագույն խախտման վերաբերյալ առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, արտգործնախարարները, դեսպանները, համանախագահները, նրանց հետ մեկտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ում է հայկական կողմը տեղյակ պահել վերջին օրերին Տավուշում Ադրբեջանի կողմից արձակված կրակի մասին:«Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ  հետևանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն երկու տարի շարունակվող  ապակառուցողական կեցվածքի. նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման և շփման գծում՝ Հայաստանի հետ սահմանում, միջադեպերի  հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ»,- ասաց Բալայանը:Նրա խոսքով՝ Հայաստանն այս պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին բոլոր հրապարակային և ոչ հրապարակային հանդիպումներում խոսում է: Նկատեց նաև, որ այդ պայմանավորվածության կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է, այլև դրա վրա շեշտը դնում են ՀՀ-ին գործընկեր երկրները և ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, այլ նաև՝ այլ կարևոր միջազգային կառույցները:

«Գիտեք՝ միջազգային հարաբերություններում ընդունված չէ մի հարցի շուրջ պայմանավորվածություն ունենալ և դա չանել: Սակայն Ադրբեջանի ոճը տարիներ շարունակ այդպիսին է, և ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների մասով, ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի մասով: Սա արդեն բնավորության հարց է»,- ասաց նա:Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝ հիշատակեց, որ Զոհրաբ Մնացականն է ասել, որ կա հանդիպման մասին պայմանավորվածություն, սակայն դրա ժամկետների մասին հայտարարելը պետք է լինի համաձայնեցված կերպով:«Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու: Սահմանված ժամկետին դեռ պետք է սպասել»,- ասաց նա:Իսկ հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, նա պատասխանեց, որ այս պահին նման բան նախատեսված չէ:

tert.am

Պիտակ

Sep 12, 2018 12:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ