• Բաքուն «սուբյեկտիվ և կողմնակալ» է համարում Խաչատուրովի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությանը՝ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ անտեղի համարելով Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքները:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը «սուբյեկտիվ է և կողմնակալ», հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և դուրս եկել կազմակերպության մանդատի շրջանակից: ՀՀ քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ է և կողմնակալ և հակասում է ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշմանը հակամարտության մասով` բացառությամբ Հայաստանի»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծության վերաբերյալ։ Խաչատուրովի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի գործողությունները զոհերի են հանգեցրել, իսկ ռազմական հռետորաբանությունը վնասում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։ «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ին կից ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի կողմից սեպտեմբերի 21-ին ներկայացրած տեղեկությունը, կոչ ենք անում դադարցնել ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում կրակոցների ու լարվածության սաստկացումը՝ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի համար վտանգների ավելացման բացառման նպատակով», - նշել է նա։

Վերջին օրերին Տավուշի մարզում աճած միջադեպերի պատճառով վիրավորվել է 1 հայ գյուղացի, զոհվել 1 զինծառայող։ Հայտնի է 2 ադրբեջանցի զինվորի զոհվելու, ևս 1-ի վիրավորվելու մասին։

Panarmenian.net

 

Պիտակ

Sep 23, 2018 21:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ