• ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահի, Բելգիայի վարչապետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 11-ին հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:  

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է  նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետը կրկնակի  արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում`հաշվի  առնելով  այս շրջանում միջազգային ասպարեզում  Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը:  Նիկոլ Փաշինյանի խոսքով`  Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար:

Իր հերթին, Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որգագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ  համագործակցության  ընդլայնմանն առնչվող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ հանդիպմանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության  գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության,  կրթության  և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին: 

Armenpress.am

 

Պիտակ

Oct 12, 2018 09:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ