Apr 28, 2018 07:31 Asia/Tehran
  • Իրանը ողջունեց երկու Կորեաների միջև հարաբերությունների կարգավորումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ Թեհրանը մշտապես ընդգծել է Կորեական թերակղզում լարվածության վերացման անհրաժեշտությունը: «Իրանը ողջունում է լարվածության վերացման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեաների ղեկավարների ջանքերն ու ձեռնարկած քայլերը». ասել է նա:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Բահրամ Ղասեմին հայտարարել է. «ԻԻՀ-ն Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի ղեկավարների վերջին հանդիպումը պատասխանատու և ճիշտ ուղղությամբ վերցված քայլ է համարում, որը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության ու կայուն անվտանգության հաստատման համար»:

«Իրանը մշտապես իր աջակցություն է հայտնել ցանկացած ջանքի, որը կսատարի զանգվածային  ոչնչացման սպառազինությունից զերծ աշխարհի կերտմանը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: Նա ընդգծել է, որ Իրանի սկզբունքային ու մշտական քաղաքականությունը հիմնված է եղել զանգվածային ոչնչացման սպառազինության արտադրության, պահպանման ու կիրառման հետ հակառակության վրա:

Ղասեմիի ընդգծմամբ, ԻԻՀ-ն հավատացած է, որ Կորեական թերակղզում լարվածության վերացման նոր ու պատմական շրջանը պիտի շարունակվի զգոնությամբ, երկկողմ ձևաչափով և առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով վերջին տարիներին ԱՄՆ-ի քաղաքականությանն ու կողմնորոշմանը և միջազգային պարտավորությունների հանդեպ այդ երկրի անհավատարմությանը, ընդգծել է. «ԻԻՀ-ի 40-ամյա փորձը, մասնավորապես ՀԳՀԾ-ի հարցում ձեռք բերված փորձը վկայում են, որ ԱՄՆ վարչակազմը վստահելի դերակատար չէ և որևէ պարտավորություն չի զգում իր միջազգային հանձնառությունների դիմաց»:

«ԻԻՀ-ն խորապես հավատացած է, որ Կորեական թերակղզում լարվածության վերացումը պիտի իրականացվի երկու Կորեաների ղեկավարների ընտրած ուղղությամբ, անկախ ԱՄՆ-ի հավանական միջամտություններից ու հրահրումներից». ասել է նա:

Պիտակ

Մեկնաբանություններ