• Իրանը դեմ է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագծին

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպության նիստում Իրանը Վենեսուելայի և Իրաքի հետ միասին վետո է դնելու նավթի արդյունահանումն ավելացնելու Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագծի վրա:

Նշելով, որ ՕՊԵԿ-ի հիմնադիր երեք անդամները կասեցնելու են այդ նախագիծը, Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին հավաստիացրել է, որ նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագիծը կազմակերպության բոլոր անդամների համակարծությունն է պահանջում և եթե նրանք միայնակ որոշում կայացնելու մտադրություն ունենան, դա համագործակցության համաձայնագրի խախտում է լինելու:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալիհը հայտարարել է, որ նավթի առաջարկի վերաբերյալ մտահոգությունները փարատելու համար, մտադիր են իրագործել նավթի արդյունահանումն ավելացնելու նախագիծը:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«Շուկայում նավթի առաջարկը ցանկալի վիճակում է գտնվում և ՕՊԵԿ-ը պետք է մինչև տարեվերջ հարգի իր որոշումը նավթի արդյունահանման ծավալի մասին»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կառավարության կողմից Իրանի, Վենեսուելայի և Ռուսաստանի շրջափակմանը, Քազեմփուր Արդեբիլին նշել է, որ բոլոր երկրները պետք է ընդդիմանան կամայական քայլերին:

Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի նիստը կայանալու է հունիսի 22-ին և 23-ին:

 

 

Jun 18, 2018 12:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ