• Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահի վերջին քայլերը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը մի ուղերձով հրապարակելով և հայտնելով Իրանի մեծ ժողովրդի հետ իրանահայ համայնքի զորակցությունը, դատապարտել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի ուղերձում կարդում ենք.
«Օգոստոսի առաջին շաբթվան, Միացյալ Նահանգների նախագահ՝ Թրամփը իր հարափոփոխ եւ նկարագրին հարիր հայտարարությամբ վերահաստատեց Իրանի դեմ իր պատժամիջոցները, խորհելով որ պատժամիջոցների վերականգնումով պիտի կարողանա ընկճել Իրանի ժողովրդի պայքարի, դիմադրականության եւ ստեղծագործելու կամքը։

2018 Մայիսին Դոնալդ Թրամփ, հակառակ իր իսկ երկրի ժողովրդի մեծ մասի կամքի, հայտարարեց միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը։

Ցավով նկատվում է, որ Դոնալդ Թրամփի գործելակերպն ու աշխատելաոճը մարդկային բարոյական ըմբռնումներից շատ հեռու է։ «Նախ Ամերիկան, կամ Ամերիկա ամեն բանե առաջ լոզունգը» նոր օրերի ազգայնամոլական, խտրականության եւ այլամերժության մթնոլորտ է ստեղծում եւ ոտնակոխում մարդկային տարրական իրավունքները։

Միաստվածյան բոլոր կրոնները ժողովուրդների միջեւ խաղաղության, սիրո, համերաշխության եւ համագործակցության կյանքի են առաջնորդում։ Մեծամտության, փառամոլության, ուրիշ ազգերը արհամարհելու լոզունգ է «Նախ Ամերիկան» կամ «Ամերիկա ամեն բանե առաջ» խոսքերը։ Հակաքրիստոնեական, որով եւ հակամարդկային է նախագահ Թրամփի այս քայլը եւ մենք մեկնելով համամարդկային ու քրիստոնեական մեր սկզբունքներից խստորեն դատապարտում ենք Ամերիկայի նախագահի այս ոչ արդարացի, հակամարդկային քայլը եւ հանուն մեր ողջ ժողովրդի, կոչ ենք ուղղում աշխարհի ղեկավարներին առաջքը առնելու նման համամարդկային երեւույթների։

Ուզում ենք նաեւ գնահատել Եւրոմիության եւ Անգլիո ղեկավարներին իրենց ամուր եւ հաստատ կեցվածքի համար ընդդեմ Ամերիկայի միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումին։

Իրանն ու իրանցի ժողովուրդը, որի կյանքի պատվանդանը խարսխված է ավելի քան երեք հազար տարիների քաղաքակրթության վրա, դիմակայելու, դիմանալու է իր դեմ լարված թակարդներին, որոնց ետին կանգնած է սիոնական պետությունը իր ազգայնամոլ, անմարդկային եւ այլոց իրավունքները ոտնակոխող սկզբունքներով։

Վստահ ենք, որ խաղաղասեր ու մարդասեր հասարակությունը միանալու է մեզ մեր զորակցության՝ Իրանի մեծ ժողովրդին եւ դատապարտության՝ Միացյալ Նահանգների նախագահի անմարդկային կեցվածքի մեջ»։

 

Aug 15, 2018 04:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ