• Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Թրամփի հայտարարությամբ․ Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Սուրբ երկրի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ Երուսաղեմի՝ Սուրբ երկրի բոլոր քրիստոնյա համայնքները և հոգևոր պետերը մտահոգված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը ճանաչում է Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք և իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխում այնտեղ:

«Բոլոր հոգևոր պետերի կողմից ստորագրված մի նամակ ենք ուղղել Թրամփին, որտեղ հոգևոր պետերը կոչ են անում Դոնալդ Թրամփին, որ շարունակի ճանաչել տասնամյակներ շարունակ ճանաչված Երուսաղեմի  կարգավիճակը, և որևէ փոփոխություն չկատարի այդ կարգավիճակում: Հոգևոր պետերը մտահոգություն են հայտնում, որ նման հայտարարությունը կարող է բռնությունների առաջնորդել, կոնֆլիկտ ստեղծել և այն տառապանքը, որ արդեն երկու ազգերն ապրում են հակամարտության պատճառով, էլ ավելի ավելանա: Ատելությունը կարող է աճել այստեղ բնակիչների միջև»,- նամակի բովանդակությունը ներկայացրեց նա:Նամակին արձագանք  ստանալը, ենթադրաբար դեռ վաղ է, երեկ է ուղարկվել: «Հայտարարությունից հետո Պաղեստինում բողոքի ցույցեր են տեղի ունենում: Հին Երուսաղեմում էլ այն խանութները, որոնք պատկանում են արաբներին, փակ են, նրանք գործադուլ են հայտարարել: Այս պահին Սուրբ քաղաքում դեռ բախումներ չկան»,- տեղեկացրեց հայր Կորյունը:Սուրրբ քաղաքի շուրջ զարգացումները, ինչպիսին էլ լինեն, ըստ նրա՝ կազդեն նաև այնտեղ ապրող հայ համայնքի, նրանց գործունեության վրա:«Թրամփին նամակ ենք ուղարկել՝ հույս ու ունենալով, որ հետ կկանգնի իր քաղաքականությունից, վերանայի իր հայտարարությունը: Այն կարգավիճակը, որը տրված է Երուսաղեմին, մնա այնքան ժամանակ, մինչև բանակցություններն ավարտին հասնեն»,- ասաց նա:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: «Ես որոշել եմ, որ ժամանակն է Սուրբ քաղաքը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել էր Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը:

 

Dec 07, 2017 17:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ