• Թուրքիայի գործողությունները Սիրիայում միայն Աֆրինով չեն սահմանափակվի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենց երկրի զինված ուժերի գործողությունները Սիրիայում չեն սահմանափակվելու միայն քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինով:

 

«Anadolu» պետական լրատվական գործակալության իրազեկմամբ՝ Կանադայում գտնվող Չավուշօղլուն նշել է, որ  պաշտոնական Անկարան նպատակ ունի Սիրիայի քրդական զինված ուժերի  դեմ գործողություններ իրականացնել սիրիական Մանբիչ քաղաքում, ինչպես նաև Եփրատ գետից արևելք ընկած  շրջաններում: Ի դեպ Մանբիչը նույնպես քրդերի վերահսկողության տակ է:

Նա կոչ է արել   ԱՄՆ-ի իշխանություններին հրաժարվել այն քայլերից, որոնք կարող են վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Միջանկյալ նշենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին որոշում է կայացրել, ինչին կտրականապես դեմ է արտահայտվել  Թուրքիան, որը քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Չավուշօղլուն պահանջել է, որ ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրված զենքերը անհապաղ  ետ վերցվեն:

Նրա խոսքերով՝ Թուրքիան «թերահավատորեն»  է վերաբերվում ԱՄՆ-ի այն խոստմանը, որ քրդերին տված զենքերը ամերիկյան կողմը հետ կվերցնի:

Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ զրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ջիմ Մեթթիսի  հետ:  

«Ես Պենտագոնի ղեկավարին ասացի, որ նման քայլ իրականացնելու դեպքում անդառնալի վնաս կհասցվի թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

ermenihaber.am/

Jan 17, 2018 17:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ