• Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին:

Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:Նա նշել է, որ մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։«Ղարաբաղի հարցում մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։ Ցավոք, նրանք չեն կարողանում կամ ցույց չեն տալիս պահանջվող արդյունքը։ Եվ, ցավոք, դրա համար էլ այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նշել է, որ իրենք բոլոր միջազգային հարթակներում՝ կլինի ՆԱՏՕ, թե այլ հարթակ, Ղարաբաղի հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին։«Այս հարցում մենք երբեք նրանց (Ադրբեջանին-խմբ.) մենակ չենք թողել և չենք թողնի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը առաջինը մեկնեց Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն։

Աղբյուրը՝ ermenihaber.am 

Պիտակ

Jul 12, 2018 13:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ