Jan 20, 2019 10:08 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը (Մաս յոթերորդ՝ Իրանի արտաքին քաղաքականությունը պարտադրյալ պատերազմի ժամանակ, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անսահման թշնամանքը)

Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակին: Այն անդրադառնում է վերջին չորս տասնամյակներում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությանը: Այսօր համառոտ կերպով քննարկելու ենք պարտադրյալ պատերազմի շրջանում Իրանի արտաքին քաղաքականությունը:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին, ռմբակոծելով  Իրանի օդանավակայանները, Իրաքի բասական ռեժիմը պաշտոնապես սկսեց Իրանի դեմ պատերազմը, որը տևեց 8 տարի: Պատերազմի մեջ մխրճված երկրի արտաքին քաղաքականությունը խիստ ազդված է լինում պատերազմական նպատակներից ու ռազմավարությունից և դրանցից յուրաքանչյուրի ընկալումն առանց մյուսի ընկալման, անհնար է: Այս օրենքը գործեց նաև Իրանի ու Իրաքի 8-ամյա պատերազմի ժամանակ:

8-ամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայումն էր: Պատերազմն այս շրջանում առավել կարևոր նշանակություն տվեց ազգային անվտանգությանն ու գոյատևման նշանակությանը: Թեև այս շրջանում  Իրանը ներքին մոդելի ստեղծման միջոցով չորձում էր հեղափոխության գաղափարներն արտահանել, սակայն ԻԻՀ-ի  արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը երկրի գոյատևումն ու տարածքային ամբողջականության պահպանումն էր: ԻԻՀ-ի դեմ պատերազմ սկսելո Իրաքի  գլխավոր նպատակն ԻԻՀ-ի կործանումը և Իրանի տարածքի որոշ բաժինների, մասնավորապես՝ Խուզիստանի բռնազավթումն էր: Իրաքի ժամանակի վարչապետը, պատերազմի սկզբում ասաց. «Պատերազմի կարևոր նպատակն Իրաքի դեմ սպառնալիք համարվող ԻԻՀ-ի կործանումն է»:

Հեղափոխության արտահանումը պարտադրյալ պատերազմի շրջանում Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից էր: ԻԻՀ թշնամիները հեղափոխության արտահանման ռազմավարությունը քաղաքական շահարկման ենթարկելով, ԻԻՀ-ին մեղադրեցին արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ, մինչդեռ հեղափոխության արտահանումը կենտրոնացավ կայունացման և մոդելների ձևավորման վրա: Այս շրջանում, Մոհամմեդ Ջավադ Լարիջանիի կողմից ներկայացվեց «Օմ-օլ Ղորայե Էսլամի» կամ «Իսլամական ամենակարևոր տարածք» տեսությունը: Համաձայն այս տեսության, համակարգի իշխանության լեգետիմությունը սահմանափակվում է նրա աշխարհագրական սահմաններով և հնարավորությունները պիտի բացարձակապես կենտրոնացվեն աշխարհագրական սահմաններում: «Եթե Իրանը շենանա, դա իսլամի համար ամենալավ քարոզչությունը կարող է լինել». ասված էր տեսության մեջ:

Նկատի առնելով այս կողմնորոշումը, արաբական վեց երկրներ 1981 թվականին ձևավորեցին Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, որպեսզի  այդպիսով կանխեն Իրանի իսլամական հեղափոխության գաղափարների արտահանումը: Բացառությամբ Սիրիայի, արաբական բոլոր երկրներն այդ պատերազմում կանգնեցին Իրաքի բաասական ռեժիմի կողքին և ժամանակի ընթացքում ու հատկապես Իրանի հաղթանակներից հետո, գնալով ընդլայնվեց նրանց կողմից Իրաքին ցուցաբերվող աջակցությունը: «Ֆավ»-ի գործողության ընթացքում Իրանի հաղթանակից հետո, որը Հոսեյն Ալայիի ընդգծմամբ Իրանի ու Իրաքի պատերազմի ամենահաջողված գործողությունն էր, որի արդյունքում խզվեց Պարսից ծոցի ջրերին Իրաքի հասանելիությունը, Իրաքին ցուցաբերվող Պարսից ծոցի արաբների օժանդակություններն առավել մեծ ծավալներ ստացան: ԱՄՆ-ի ճնշման ներքո, պատերազմի կեսից, Իրանի հանդեպ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի դիրքորոշումն առավել հարձակողական ու թշնամական բնույթ ստացավ: Այս առճակատման գագաթնակետը 1987 թվականին Արաբիայում Հաջի ուխտագնացության ընթացքում իրանցի ուխտավորների սպանությունն էր:

 

Հավասարակշռված մոտեցում երկու գերտերությունների հանդեպ

 

Այս շրջանում արևելյան ու արևմտյան գերտերությունների նկատմամբ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված էր «ոչ արևելք, ոչ արևմուտք» սկզբունքի կամ երկու գերտերությունների հանդեպ հավասարակշռված մոտեցման գաղափարական քաղաքականության վրա: ԻԻՀ-ն, հիմք ընդունելով հակամեծապետական սկզբունքը, երկու գերուժերին համարում էր մեծապետականության, գաղութարարության ու տիրակալության խորհրդանիշ, որոնց դեմ պիտի պայքարել: ԻԻՀ-ն չդիմեց այդ ուժերից մեկին մերժելով մյուսից առավելություններ կորզելու դիվանագիտությանն այլ, անգամ պատերազմի պայմաններում, կրկին նախընտրեց անկախությունն ու գերուժերից կախվածություն չունենալը: ԱՄՆ-ն և նախկին ԽՍՀՄ-ը, երկուսն էլ այդ պատերազմում աջակցություն ցուցաբերեցին Իրաքին: ԱՄՆ-ն Իրանի դեմ Իրաքի պատերազմի սկզբում ստանձնեց Բաղդադին հրահրողի դերը:

Նիքի Քեդին Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորության մասին գրում է. «ԱՄՆ-ն իսլամական հեղափոխության հաղթանակի ու դրան հաջորդած պատանդառության ճգնաժամի շրջանում հեղինակազրկվեց ու նվաստացվեց այնպես, որ մի կողմից Պարսից ծոցում իր ռազմավարական գլխավոր դաշնակցի կործանումը կանխելու հարցում ԱՄՆ-ի անկարողությունը խաթարեց նրա հանդեպ մյուս դաշնակիցների վստահությունը և միևնույն ժամանակ Իրանում պատանդներին ազատ արձակելու հարցում ԱՄՆ-ի անճարակությունն այդ երկրին նվաստացրեց համաշխարհային ու տարածաշրջանային մասշտաբով: Հետևաբար, ԱՄՆ-ն, տարածաշրջանում իր հեղինակությունը, հմայքն ու հզորությունը վերականգնելու համար, Իրաքին հրահրեց ու խրախուսեց Իրանի հետ պատերազմի մեջ մտնել»:

Համալսարանի դասախոս Սեյեդ Դավուդ Աղային գրել է. «ԽՍՀՄ-ն Աֆղանստանում Իրանի ազդեցության, նաև Խորհրդային միության մուսուլմանների հանդեպ մտահոգության պատճառով, ցանկանում էր Իրանին զբաղված պահել իր ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության հարցով, բայց ԽՍՀՄ-ն ԻԻՀ-ի կործանումը չէր ցանկանում: ԱՄՆ-ն պատանդառության ճգնաժամից հիասթափվելու և համաշխարհային համակարգում իր դիրքն ու հզորությունը խաթարվելու պատճառով, ոչ միայն Իրաքին հրահրեց Իրանի դեմ պատերազմ սկսել, այլ պատերազմում հովանավորեց այդ երկրին ու միևնույն ժամանակ նաև ձգտում էր ԻԻՀ-ի կործանմանը»:

Այդուհանդերձ ԱՄՆ ժամանակի պետքարտուղարն ԻԻՀ ժամանակի վարչապետ Մոհամմեդալի Ռաջայիին հղած ուղերձում հայտարարեց պատերազմում այդ երկրի անկողմնակալ վերաբերմունքի մասին: Սեյեդ Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին գրում է. «ԱՄՆ-ն այս պատերազմից գոհ էր, քանի որ ակնկալում էր, որ ուժերի հավասարակշռության տրամաբանության համաձայն, արտաքին պատերազմը պատճառ է դառնալու, որ ԻԻՀ-ն հակվի այդ երկրի կողմը: ԱՄՆ-ն այն ակնկալիքն ուներ, որ պատերազմը մեղմելու է Իրանի հակաամերիկյան արտաքին քաղաքականությունը և նրան վերադարձնելու է արևմուտքի անվտանգության գոտի: Սակայն դա տեղի չունեցավ»:

 

Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի լիարժեք հովանավորությունը

 

Իրանի ուժերի կողմից Ֆավի գրավումը պատճառ դարձավ, որ պատերազմում Իրաքի հանդեպ երկու գերուժերի հովանավորությունն ավելի մեծ ծավալ ստանա: Իրականոմ Ֆավի գրավումը երկու գերուժերին էլ հանգեցրեց այն եզրակացության որ «առանց հաղթողի պատերազմ»-ում անհրաժեշտաբար պիտի կանխել Իրանի հաղթանակները: ԻԻՀ-ի ռազմական հաղթանակները և քաղաքական զարգացումները պատճառ դարձան, որ ԱՄՆ-ն դուրս գա պատերազմում անկողմնակալ վիճակից և բացահայտ կերպով պաշտպանի Իրաքին, քանի որ Վաշինգտոնի կարծիքով, Իրաքի դեմ Իրանի հաղթանակը մի քանի դիտանկյունից վտանգելու էր ԱՄՆ-ի շահերը:

Նախ՝ վտանգվելու էր էներգիայի անվտանգությունը և  Պարսից ծոցից դեպի արևմուտք նավթի ազատ արտահանումը:

Երկրորդ, խաթարվելու էր ԱՄՆ-ի արաբ պահպանողական դաշնակիցների անվտանգությունն ու կայունությունը:

Երրորդ, Իրանի հաղթանակը սպառնալու էր ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի  անվտանգությանն ու գոյությանը:

Եվ չորրորդ՝ Միջին Արևելքի ու Պարսից ծոցի տարածաշրջանում տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվելու էր ի վնաս ԱՄՆ-ի:

Հետևաբար, ԱՄՆ-ն մոտենալով  Իրաքին, որդեգրեց «առանց հաղթողի պատերազմ» ռազմավարությունը: ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը գրում է. «ԱՄՆ-ն 20 ամիս առաջ պատերազմը սկսվելուց հետո լիարժեք անկողմնակալության քաղաքականություն որդեգրեց և հրաժարվեց երկու կողմերին ամերիկյան արտադրության ցանկացած տեսակի զենք տրամադրելուց: Սակայն այս անկողմնակալության իմաստն այն չէ, որ նրանք անտարբեր էին այս պատերազմի հանդեպ: ԱՄՆ-ն բարեկամներ ու շահեր ուներ, որոնք պատերազմը շարունակվելու հետևանքով հայտնվում էին սպառնալիքի տակ և այդ պատճառով վճռակամ էր պաշտպանել տարածաշրջանում իր կենսական շահերը»:

ԱՄՆ-ն ԻԻՀ-ի դեմ օգտագործեց քաղաքական, տնտեսական, տեղեկատվական ու ռազմական բոլոր գործիքները: Քաղաքական մասշտաբով փորձեց ԱԽ-ի միջոցով և դրա շրջանակներից դուրս պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Բացի այդ տեղեկատվական ու քարոզչական լայն աջակցություն ցուցաբերեց Իրաքին: Իրանի նավթի արտահանման խափանումն ԱՄՆ-ի քայլերից էր: Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշման գլխավոր գործոնը Պարսից ծոցում նրա ռազմական ուժերի ներկայությունն էր, այնպես որ 1987 թվականի հոկտեմբերին ոչնչացրեց Իրանին պատկանող «Ռեշադաթ» և «Ռեսալաթ», իսկ 1988 թվականի ապրիլին «Նասր» և «Սալման» նավթային պատվանդանները: Այս առճակատման գագաթնակետը սակայն Իրանի քաղաքացիական ինքնաթիռի դեմ ԱՄՆ-ի «Վինսենս» նավի հարձակումն էր, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 290 ուղևորները:

   

 

Պիտակ

Մեկնաբանություններ