• Մամուլի տեսություն 05-09-2018

Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցավ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցյալ Զավեն Ղուկասյանի կիսանդրիի բացումը:

Ալիք

Ռեժիսոր Զավեն Ղուկասյանի կիսանդրիի բացում՝ Սպահանում

 

Երկուշաբթի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ին Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցավ Սպահանում ծնված ու գործունեություն ծավալած՝ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցյալ Զավեն Ղուկասյանի կիսանդրիի բացումը:

Ծրագիրը կազմակերպվել էր Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի քաղաքի Բարեզարդման կազմակերպության միջոցով՝ մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի շրջանակում:

Միջոցառմանը ներկա էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանը, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզին եւ իրեն ուղեկցող պատվիրակությունը, քաղխորհրդի անդամները, թեմիս Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսյանը, կինո-թատրոնի բնագավառի անվանի դեմքեր, Զավեն Ղուկասյանի հարազատները, ընկերները, համագործակիցները, աշակերտները, մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի պատանի իրավարարներն ու լրագրողները եւ ժողովուրդ:

Ծրագրում հնչած արտահայտությունների շարանում, Սպահանի քաղաքապետը այսպես բնութագրեց անվանի ռեժիսորին. «Զավենը Սպահանի կինոյի ինքնությունն էր. նա երբեք չլքեց իր քաղաքը: Նրա հիշատակը հավերժացել է Սպահանում եւ միշտ մնալու է որպես սիրված անձնավորություն»։ Քաղաքապետն իր խոսքի շարունակության մեջ Սպահանը քաղաքակրթության, մշակույթի եւ արվեստի կենտրոն համարելով՝ ավելացրեց. «Այս քաղաքը բարձր տարողություն ունի բոլոր բնագավառներում եւ փոքրամասնությունները համարվում են քաղաքի հարստություններից»:

Արտահայտությունների ավարտին ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանի, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզիի եւ Սպահանի քաղխորհրդի մշակութային հանձնաժողովի նախագահ տկն. Ռոշանի կատարվեց Զավեն Ղուկասյանի արձանի հանդիսավոր բացումը:

 

Էբթեքար

Եվրոպան ու ապաստանյալները՝ թնջուկի մեջ

 

Ապաստանյալների ճգնաժամը տարիներ է ինչ ծանր իրավիճակ է առաջացրել Եվրոպայում: Աֆրիկայի հյուսիսում ու Միջին Արևելքում արաբական հեղափոխությունները սկսվելուց հետո տիրող ապահովական ու հասարակական ոչ-բարվոք պայմանների պատճառով ապաստանյալների աննախընթաց հոսքն ուղղվեց դեպի այդ տարածքների հյուսիսային ու արևմտյան սահմանները, ովքեր որոշել էին ցանկացած միջոցով հասնել եվրոպական երկրներ:

Դեպի Եվրոպա տանող ճանապարհին այս ապաստանյալների հետ պատահած դառը դեպքերից հետո, ինչը խիստ ցավ պատճառեց աշխարհի հասարակական կարծիքին հետզհետե եվրոպական երկրներում անվտանգության հետ կապված հարցերը և փախստականների ալիքը դիմագրավելու եղանակն այնպիսի ավարտ ունեցան, որ այսօր միավորված Եվրոպայի գոյությունը հայտնվել է սպառնալիքի ներքո:

Ծայրահեղ աջակողմյան հոսանքների երևան գալը և Ավստրիայի, Իտալիայի ու Հունգարիայի նման երկրներում այդ խմբերից որոշների իշխանության հասնելը մեծ մասամբ իրենց ազդեցության տակ առան եվրոպական միատարր կառույցը: Այնուհետև եվրոպական երկրների դիմաց մարտահրավերներով լեցուն ուղի բացվեց, այնպես որ Իտալիայի աջակողմյան կառավարությունը գրեթե ամեն շաբաթ փախստականների հարցերի ու նրանց ընդդիմանալու անհրաժեշտության հետ կապված սպառնում է իր եվրոպացի գործընկերներին:

Անցած շաբաթ Հունգարիայի ազգայնական վարչապետ Վիկտոր Ուրբանն ու Իտալիայի ՆԳ նախարար Մաթեո Սալվինին հրապարակեցին Եվրոխորհրդարանի ապագա ընտրությունների համար իրենց հակամիգրացիոն մանիֆեստը և հայտարարեցին, որ այս միությունը կարիք ունի այնպիսի խորհրդարանի ու հանձնաժողովի, որ կկարողանա պաշտպանել նրա սահմաններն ու կկանխի միգրանտների հոսքը:

Եվրոպայի հակամիգրանտ պաշտոնատարները Ֆրանսիային ու Գերմանիային են փախստականներին ցուցաբերվող աջակցության գլխավոր պատասխանատուն համարում և Հունգարիայի վարչապետը բացարձակապես հայտարարել է, որ Էմանուել Մակրոնը գլխավորում է փախստականներին հովանավորող պատասխանատուներին:

Փորձագետները հավատացած են, որ թեև Գերմանիան ու Ֆրանսիան որպես միավորված Եվրոպայի դրոշակակիրներ դեռ շարունակում են պաշտպանել փախստականներին, սակայն այս ճգնաժամին ընդդիմանալու համար Եվրոպայում ձևավորված հոսանքը կարող է վերացնել քաղաքական ցանկացած ամուր ու կայուն կառույց:

Գերմանիայում իրավիճակը շատ ավելի ծանր է: Մերկելի կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո ամիսներ քաղաքական փակուղային վիճակում էր գտնվում, իսկ կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո այսօր դիմագրավում է միգրանտների դեմ ուղղված  քաղաքային բրտարարքները: Այս շաբաթասկզբին Գերմանիայի Քոմինթս քաղաքում փախստականների կողմնակից ու ընդդիմադիր երկու խմբի բախման հետևանքով վիրավորվեց 9 մարդ, որից հետո քաղաքը դարձավ միգրանտների դեմ ծայրահեղական աջակողմյան թևի ցույցերի ու բողոքների կիզակետը:

 

Ջավան

Լսվում է Բեն Սալմանի պաշտոնազրկման շշուկը

 

Եմենի պատերազմը մեծ մարտահրավեր է դարձել Արաբիայի համար, այնպես որ որոշ աղբյուրներ ասում են Մոհամմեդ Բեն Սալմանը նախքան թագավորի գահին բազմելը հեռացվելու է  գահաժառանգի պաշտոնից:

Եմենցի երեխաների փոխադրող ավտոբուսի դեմ Արաբիայի ավիահարվածը, որի հետևանքով զոհվեց 55 և վիրավորվեց 77 երեխա, գնալով շրջադարձային է դառնում այնպես որ Պենտագոնն անցած շաբաթ սաուդացիներին ազդարարեց, որ եթե եմենցի խաղաղ քաղաքացիների կորուստը կրճատելու համար որևէ ջանք չգործադրեն, կնվազեցնեն Եմենի դեմ Արաբիայի գլխավորած կոալիցիային ցուցաբերվող ռազմական ու տեղեկատվական աջակցության ծավալները:

Նման պայմաններում հասարակական կարծիքի ճնշումն էլ սկսեց խստանալ: Վերջին օրերին տարածվել է մի տեսագրություն, որը ցուցադրում է Լոնդոնում Եմենի պատերազմի դեմ բողոքարարներին, ովքեր համախմբվելով Արաբիայի թագավորի եղբոր բնակարանի առջև Ալե Սաուդի դեմ կարգախոսներ են վանկարկում: Այս տեսագրության մեջ Սալման Բեն Աբդոլազիզի եղբայրը՝ արքայազն Ահմեդ Բեն Աբդոլազիզը բողոքարարներին կոչ է անում Ալե Սաուդի դեմ կարգախոսներ վանկարկելու  փոխարեն պատասխանատվության կանչեն Արաբիայի թագավորին ու նրա գահաժառանգին:

Մինչ այսօր Ալե Սաուդի գերդաստանում տարաձայնության կապակցությամբ բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվել, սակայն Արաբիայի թագավորի եղբոր դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Արաբիայի ավանդական քաղաքականությունից Բեն Սալմանի հրաժարվելու պատճառով թագավորական գերդաստանում տարաձայնությունները սրվում են: Իսպանական «Փուբլիքո» պարբերաթերթն էլ վերջերս մի հաղորդման մեջ անդրադարձել է Եմենի կապակցությամբ Բեն Սալմանի քաղաքականության ձախողմանը և հավելել է, որ Արաբիայի թագավորն իր համար մեկ այլ գահաժառանգ է որոնում, ով կհետևի այդ երկրի ավանդական քաղաքականությանը:

 

Ժողովուրդ

Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ. ո՞րն է օրակարգի հիմնական խնդիրը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպմանը:

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ:

 

Ու թեեւ դեռ Փաշինյան-Ալիեւ հանդիպում չի նշմարվում, բայց եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը:

Ու թեեւ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եւ այս առումով Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»:

 

  

 

 

Պիտակ

Sep 05, 2018 13:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ