• ՄԱԿ ԱԽ-ն մտահոգված է Եմենում, Սոմալիում , Հարավային Սուդանում ու Նիգերիայում «սովի աննախադեպ սպառնալիքով»

ՄԱԿ ԱԽ-ն մտահոգված է Եմենում, Սոմալիում, Հարավային Սուդանում ու Նիգերիայի հյուսիս- արեւելյան շրջաններում միլիոնավոր մարդկանց դրությամբ, որոնց սպառնում է սով եւ նրանց օգնելու կոչ է անում։

 Այս մասին ասվում է ՄԱԿ ԱԽ-ի նախագահի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ տեւական զինված հակամարտությունները ու խաղաղ բնակչության դեմ բռնությունը հանգեցնում են աղետալի հետեւանքների, այդ թվում պարենամթերքի պակասի։ ԱԽ-ն պատրաստ է, գլխավոր քարտուղարի հետ սերտ համագործակցելով, օգտագործել բոլոր հնարավորությունները այդ բախումները դադարեցնելու համար։

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում զինված հակամարտությունների բոլոր կողմերին, նաեւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել, հետեւել միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներին, մասնավորապես պաշտպանել խաղաղ բնակչությունը։

ԱԽ-ն նաեւ կոչ է անում դոնորներին անհապաղ միջոցներ հատկացնել Օսլոյում, Ժնեւում ու Լոնդոնում կայացած համաժողովների ընթացքում ստանձնած պարտականությունների շրջանակում ու «անել դա հնարավորինս բազմամյա ոչ նպատակային ֆինանսավորման պայմաններով»։

Եմենում, Սոմալիում, Հարավային Սուդանում ու Նիգերիայի հյուսիս- արեւելյան շրջաններում «սովի աննախադեպ սպառնալիքի» կապակցությամբ ԱԽ-ն խնդրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մինչեւ այս տարվա հոկտեմբեր պատրաստել հաշվետվություն որոշակի խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են այդ երկրներից յուրաքանչյուրում իրավիճակին արդյունավետ արձագանքմանը ու դրանք լուծելու ուղիների մասին։

News.am

 

Պիտակ

Aug 10, 2017 09:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ