• Թրամփը համաձայնել է ԱՄՆ-ից չարտաքսել «երազողներին»

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի դեմոկրատ անդամները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հազարավոր ներգաղթյալների արտաքսման վտանգից փրկելու հարցում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իր համաձայնության դիմաց 71-ամյա ղեկավարը դեմոկրատ կոնգրեսականներից պահանջել է զիջումների գնալ ու համաձայնել սահմանային անվտանգության խստացումներին: 

Թրամփի հետ համաձայնության գալու մասին հայտարարել են սենատոր Չաք Շումերն ու Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին:Հայտնի է, որ խոսքը մոտ 800.000 ներգաղթյալի մասին է, որոնք մանուկ հասակում ապօրինաբար բերվել են Միացյալ Նահանգներ ու նախկին նախագահ Բարաք Օբամայի DACA ծրագրի շնորհիվ օրինական աշխատանքի իրավունք ստացել: Հայտնի է, որ ծրագրի շրջանակում ներգաղթյալները, որոնց խորհրդանշական կերպով անվանում են «երազողներ», աշխատանքի ժամանակավոր թույլտվություն են ստանում, ինչպես նաև օրենքի սահմաններում խուսափում են արտաքսումից:Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ սպառնացել էր ընտրվելուց հետո արտաքսել «երազողներին», սեպտեմբերի սկզբին չեղարկել էր ծրագիրն ու Կոնգրեսին 6 ամիս ժամանակ տվել այլընտրանքային ծրագիր ներկայացնելու համար:«Մենք որոշեցինք շարունակել DACA-ի շրջանակում ներգաղթյալների պաշտպանությունն ու փոխարենը  սահմանային անվտանգության խստացման վերաբերյալ միջոցառումների նոր փաթեթ մշակել, որն ընդունելի կլինի 2 կուսակցությունների համար ու կբացառի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը»,-ասվում է կոնգրեսականների հայտարարությունում:Աղբյուրը մանրամասնում է, որ Սպիտակ տանը կոնգրեսականների հետ ունեցած հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ ցանկանում է այնպիսի երկուսակցական առաջարկ տեսնել, որը կլուծեր «երազողների» ու ներգաղթյալների հետ կապված մնացած հարցերը:Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «երազողներն» ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ապօրինի ներգաղթյալների ստվար մասն են կազմում: Նրանց մեծ մասը լատինամերիկացիներ են՝ հիմնականում Մեքսիկայից: «Երազողների» հիմնական մասն ապրում է Կալիֆորնիայում, մեծ խմբեր կան նաև Տեխասում, Նյու Յորքում, Իլինոիսում ու Ֆլորիդայում:Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը խոստացել էր նրանց բոլորին արտաքսել երկրից:DACA ծրագրի աջակիցների խոսքով՝ դրանում ներառված մարդիկ թեև չեն ծնվել ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան կրթություն են ստացել, ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը, կյանքի մեծ մասն անցկացրել են Միացյալ Նահանգերում ու չնչին կապեր ունեն ծննդավայրի հետ: Մինչդեռ ծրագրի ընդդիմախոսները բերում են այն փաստարկը, որ ապօրինի ներգաղթյալները խլում են շարքային ամերիկացիների աշխատատեղերը:

tert.am

Sep 14, 2017 12:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ