• Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնել է Ադրբեջանից

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առավոտյան մեկնել է Ադրբեջանից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի օդանավակայանի իր աղբյուրին: Բլոգերին ուղեկցել է իր մայրը:

Ալեքսանդր Լապշինը հուլիսի 20-ին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Ավելի վաղ նրա նկատմամբ ներկայացվել էր նաև ադրբեջանական պետության դեմ կոչերով հանդես գալու մեղադրանք՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղին աջակցող նրա հայտարարությունները: Սակայն, ըստ ադրբեջանական մամուլի, Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ չէ, և իր այցը Ղարաբաղ տուրիստական բնույթ է ունեցել: Այդ մեղադրանքը հանվել է: Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցմամբ ձերբակալվել էր 2016 թ-ի դեկտեմբերի 16-ին Մինսկում և տեղափոխվել Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին հրամանագիր էր ստորագրել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:

 Ankakh.com

Sep 14, 2017 12:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ