• Ռուսաստանն սկսել է Ս-400 ՀՕՊ համակարգերի  մատակարարումը Չինաստանին

Ռուսաստանի լրատվամիջոցները հայտնել են, որ Մոսկվան սկսել է «Ս-400» ՀՕՊ համակարգեր մատակարարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ):

Ըստ ռուսական աղբյուրների՝ 2014 թվականին Չինաստանի հետ կնքած պայմանագրի շրջանակում Ռուսաստանն սկսել է ՀՕՊ համակարգերի մատակարարումը Պեկինին:

«Հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգերի բեռնվածքն առաքվել է Չինաստան: Բեռնվածքում ներառված են՝ հրամանատարական կենտրոն, ռադիոտեղորոշիչ կայան, հարակից սարքավորումներ և պահեստամասեր»,գրել են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ մատակարարումների ընդհանուր արժեքը կազմում է երեք միլիարդ դոլար: Պեկինին մատակարարվելու են 4 դիվիզիոն Ս-400 համակարգեր:

Հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է տեսնել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա։ Բալիստիկ թիրախների դեպքում ցուցանիշը 60 կմ է։

Մոսկվայի այս քայլը հարուցել է ԱՄՆ իշխանությունների զայրույթը:

 

 

Jan 18, 2018 17:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ