Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք լուսահոգի իմամ Խոմեյնիի տեսակետներում արդարության և դատական անվտանգության բաղադրիչների՝  ԻԻՀ սահմանադրության մեջ զբաղեցրած դիրքին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարով: Նախորդ երկու հաղորդումներում անդրադարձանք Իմամ Խոմեյնիի մտածողության մեջ արդարադատության վայելած դիրքին և ասացինք, որ իսլամական չափանիշների համաձայն արդարության և դատական անվտանգության հաստատումը արդարադատության ոլորտում նրա տեսակետների գլխավոր ու առանցքային սկզբունքն է համարվում: Նաև պարզաբանեցինք այն հարցը, որ Իմամ Խոմեյնիի դատական մտածողության մեջ օրենքի դիմաց հավասարությունը, բոլոր քաղաքացիների, նույնիսկ մեղադրյալների ու հանցագործների իրավունքների հարգվելը, անարդար կոշտ վերաբերմունքից և այլոց իրավունքները ոտնահարելուց խուսափելը, մարդկանց անձնական սահմանների հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը, կալանավորների իրավունքները հարգելը և բոլոր աստիճաններում՝ սկսած բանտապահից մինչև դատական պաշտոնատարներ, արժանավոր ու հարմար վերաբերմունքը և ի վերջո դատավորի վճռի վերանայման հնարավորությունը արդարության ու դատական անվտանգության ոլորտում Իմամի ուշադրության կենտրոնում գտնվող գլխավոր առանցքներից են: Նախորդ հաղորդման ժամանակ խոստացանք, որ այս հաղորդման ընթացքում պիտի քննարկենք այն հարցը, որ արդարադատության ու դատական անվտանգության ոլորտում իսլամական հեղափոխության հիմնադրի տեսակետներ որքանով և ինչպես են նկատի առնվել ԻԻՀ համակարգում և որոշակիորեն այս սկզբունքներն ու առանցքներն ի՞նչ դիրք են զբաղեցնում ԻԻՀ սահմանադրության մեջ:

--------------------

Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք դատական արդարությունը, այսինքն իրենց իրավունքներին բոլոր անձանց հասանելիությունն ու նաև մարդկանց իրավունքները ոտնահարողներին դատի տալու իրավունքը իսլամական հեղափոխության ընթացքում ժողովրդի կարգախոսներից ու նպատակներից էին, որոնք տարբեր ժամանակահատվածներում Իմամ Խոմեյնիի արտահայտություններում ու դիրքորոշումներում ընդգծվել ու լուրջ ուշադրության կենտրոնում են եղել: Այս հիման վրա ԻԻՀ սահմանադրության մեջ մեկ գլուխ հատկացված է դատական իշխանությանը և այս գլխի տակ ամփոփված տարբեր հոդվածներում հստակեցված ու ուրվագծված են դատական արդարության իրագործման մեխանիզմներն ու շրջագիծը: Բացի այդ մեկ այլ գլխում հստակեցվել են ժողովրդի իրավունքները և ուրվագծվել է մի շրջանակ, որը պարտավորվել են հարգել իշխանության բոլոր կառույցները, մասնավորապես դատական համակարգը: Այս սկզբունքներն իրար կողքի հայտնվելով ծնունդ են տվել մի հռչակագրի, որը դատական համակարգի առանցքայնությամբ ապահովում է քաղաքացիների համար արդարադատությունն ու դատական անվտանգությունը: ԻԻՀ սահմանադրությունը ԻԻՀ-ի դատական իշխանության հիմքը համարում է իսլամական արդարադատության իրագործումը և 3-րդ հոդվածում հստակ կերպով դատական արդարության իրագործումը ներկայացնում է, որպես ԻԻՀ համակարգի առաքելություններից մեկը: Նաև սահմանադրության համաձայն արդարությունը համակարգի գլխավոր հիմնասյուններից է և հասարակ օրենսդիրները պարտավոր են դա հարգել իրենց մշակած օրենքներում:

 

ԻԻՀ սահմանադրության մեջ արդարադատության ու դատական անվտանգության իրագործման գլխավոր պատասխանատվությունը վստահված է դատական իշխանությանը: 156-րդ հոդվածի համաձայն դատական իշխանությունը անկախ ուժ է, որը պաշտպանում է ժողովրդի անհատական ու հասարակական իրավունքները և այս նպատակի իրագործման համար պարտավոր է վերահասություն տալ բողոքներին ու հայցերին և դրանց լուծում տալու, տարաձայնությունները վերացնելու և համապատասխան վճիռներ ընդունելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Հասարակության մեջ արդարադատության իրագործման ուղղությամբ Իմամ Խոմեյնիի  մտազբաղումներից մեկը եղել է ժողովրդի դատական հարցերին վերահասություն տալու համար արժանավոր ու իսլամագետ անձանց ընտրությունը: Նա բազմաթիվ անգամ, այդ թվում իր կտակում որպես ԻԻՀ համակարգում արդարադատության իրագործման ուղղությամբ գլխավոր հարց անդրադարձել է դրան և նշել է. «Ժողովրդի կյանքի, գույքի ու պատվի հետ առնչվող դատաքննությունը գլխավոր հարցերից է և առաջնորդին կամ առաջնորդության խորհրդին իմ կտակն է դատական ամենաբարձրաստիճան պաշտոնատարին նշանակելիս փորձեն ընտրել վաստակ ունեցող, հանձնառու և իսլամական ու կրոնական հարցերում փորձագետ անձնավորության»: Այս հիման վրա սահմանադրության 57-րդ կետն ընդգծում է, որ առաջնորդը պարտավոր է արդար ու դատական հարցերից լավատեղյակ, հնարամիտ ու կառավարման ունակությամբ օժտված մի իսլամագետի դատական իշխանության ղեկավար նշանակել: Ի դեպ արդարադատության իրագործման համար արժանավոր ու հանձնառու դատավորների գոյության անհրաժեշտությունը նկատի առնելով սահմանադրության 158-րդ հոդվածում դատական իշխանության ղեկավարի պարտականություններից են համարվել երկրի դատական հարցերին վերահասություն տալու նպատակով արժանավոր ու արդար դատավորների աշխատանքի վերցնելը:

Իրավագիտության փիլիսոփաները ժողովրդի բոլոր խավերի համար արդարության անվտանգության ստեղծումն այնպես որ հասարակության անդամներից որևէ մեկը ցեղային, սեռային կամ կրոնական պատականելիության պատճառով մյուսի դեմ բռնանալու իրավունք չունենա, համարում են օրենսդրության փիլիսոփայությունը: Դա հայտնվել է նաև Իմամ Խոմեյնիի ուշադրության կենտրոնում և այդ պատճառով էլ սահմանադրության մեջ օրենսդիրներն ուշադրություն են ցուցաբերել ժողովրդի դատական անվտանգության հանդեպ և դրա իրագործման պատասխանատվությունը վստահել են դատական իշխանության: Այլ խոսքով ժողովրդի դատական անվտանգությունը քաղաքացիների իրավունքներից է, որի իրագործման հանդեպ կառավարությունը պարտավորություն է կրում և  այդ պատճառով էլ սահմանադրության մեջ մի անկախ գլուխ հատկացվել է ժողովրդի իրավունքներին, որպեսզի բոլոր կառույցները դրանք հարգեն և դրանց գործադրման վրա վերահսկի դատական իշխանությունը: Ժողովրդի իրավունքներին հատկացված գլխում հստակ կերպով ընդգծված է, որ Իրանի ժողովուրդն ազգային կամ ցեղային պատկանելիությունից հավասար իրավունքներ ունի և գույնը, ցեղը, լեզուն և  նման այլ հատկանիշներ գերազանցության պատճառ չեն կարող դառնալ: Հաջորդ հոդվածում անմիջապես նշված է, որ բոլոր մարդիկ՝ կին թե տղամարդ, հավասար կերպով պաշտպանված են օրենքի միջոցով: 22-րդ հոդվածում ընդգծված է, որ մարդկանց պատիվը, կյանքը, իրավունքները, բնակարանն ու աշխատանքը պաշտպանված են ոտնձգության դիմաց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում:

 

Քաղաքացիների իրավունքների ու դատական անվտանգության հետ ուղղակի և սերտ աղերս ունեցող հարցերից մեկը, որի պաշտոնապես ճանաչումը հետապնդվել է աշխարհի բոլոր ազատախոհների կողմից հավատաքննությունն արգելող սկզբունքն է: Դժբախտաբար մարդկային պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են արձանագրված, երբ հակառակ մարդկային տարրական սկզբունքներին և ոտնահարվելով բարոյական ու մարդկային չափանիշները անմեղ անձինք իրենց հավատքի պատճառով հարցաքննվել ու կտտանքների ենթարկվել և նրանց պարագային արձակվել են ամենախիստ ու անարդար դատավճիռները: ԻԻՀ սահմանադրության 23-րդ հոդվածը հստակ կերպով արգելում է հավատաքննությունը և նշում է, որ որևէ մեկին իր տեսակետի համար չի կարելի ոտնձգության կամ պատասխանատվության ենթարկել: Անմեղության կանխավարկածն էլ ԻԻՀ սահմանադրության մեջ ընդգծված սկզբունքներից է: 37-րդ հոդվածում ասված է. «Հիմքը դրվում է անձի անմեղության վրա և որևէ  մեկը մեղավոր չի կարող ճանաչվել միթե այն որ նրա մեղքը արդար դատարանում ապացուցված լինի»: Այս հոդվածին զուգահեռ նաև ընդգծվում է ցուցմունքներ ստանալու նպատակով խոշտանգման արգելքը և մեղադրյալի ու դատապարտյալի արժանապատվության հանդեպ հարգանք ցուցաբերվելու անհրաժեշտությունը, ինչը քաղաքացիների դատական անվտանգության իրագործման ուղղությամբ ընդգծվել է ԻԻՀ-ի սահմանադրության մեջ: ԻԻՀ սահմանադրության 38-րդ հոդվածում ընդգծվել է, որ ցուցմունքներ ստանալու համար անձին խոշտանգելը և կամ նրանից բռնությամբ ցուցմունք ստանալն արգելվում է և այդպիսով ձեռք բերված ցուցմունքն անվավեր է ճանաչվում, իսկ այս օրենքը խախտողը պատժվում է: Նաև 39-րդ հոդվածում ասված է, որ օրենքով բերման ենթարկված, կալանավորված, ազատազրկված կամ աքսորված անձի արժանապատվության խաթարումն արգելվում է և օրենքով պատժվելու է:

Սահմանադրության մյուս հոդվածներում էլ կան բազմաթիվ կետեր, որոնք ընդգծում են քաղաքացիական իրավունքների պաշտպանության և արդարադատության ու դատական անվտանգության իրագործման անհրաժեշտությունը: Օրինակ 32-րդ հոդվածում ասված է, որ որևէ մեկին չի կարելի կալանավորել միթե օրենքով սահմանված  ընթացակարգով: Եվ կամ մեկ այլ հոդվածում ընդգծված է, որ քաղաքացու կալանավորման դեպքում նրան առաջադրված մեղադրանքն անմիջապես պիտի փոխանցվի գրավոր կերպով և առավելագույնը 24 ժամվա ընթացքում գործը պիտի դատարան փոխանցվի: Սահմանադրության 35-րդ հոդվածը հստակեցնում է, որ փաստաբանի ներկայությունը համարվում է մեղադրյալի իրավունքը և բոլոր դատարաններում բոլոր կողմերն իրավունք ունեն ներկայացնել իրենց փաստաբաններին ու եթե որևէ մեկը փաստաբան ընտրելու կարողություն չունենա, նրա համար այդ կապակցությամբ հնարավորություններ պիտի ստեղծվեն: Բացի այդ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը կանխելու նպատակով դատական գործը կարող են քննել միայն իրավասու դատարանները: Միևնույն ժամանակ դատարանին դիմելը բոլոր քաղաքացիների անվիճելի իրավունքն է համարվում և 34-րդ հոդվածում հստակեցված է, որ որևէ մեկին չի կարելի արգելել դիմելու այն դատարանը, որին օրենքով ինքը դիմելու իրավունք ունի: ԻԻՀ սահմանադրությունը արդարադատության ու դատական անվտանգության իրագործման համար պաշտոնապես ընդունել է հանցանքն ու պատիժը օրենքով ճանաչված լինելու սկզբունքը և ընդգծել է որ օրենքի ընդունումից առաջ որևէ ակտի կատարումը կամ կատարումից խուսափելը հանցանք չի կարող համարվել:

Հիշյալ սկզբունքները վկայում են, որ արդարադատության ու դատական անվտանգության հետ կապված լուսահոգի Իմամ Խոմեյնիի ուշադրության կենտրոնում եղած ու նրա կողմից հարգված հարցերն իրենց արձագանքն են գտել ԻԻՀ սահմանադրության մեջ: Իհարկե հիշյալ սկզբունքներին զուգահեռ կարելի է անդրադառնալ նաև այլ կետերի ինչը ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ:  Օրինակ սահմանադրության 15-րդ հոդվածն ընդգծում է, որ դատաքննությունը պիտի լինի դռնբաց, իսկ քաղաքական ու մամուլի  հետ կապված հանցանքների դեպքում պիտի ներկա լինեն երդվյալ ատենակալները:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԻԻՀ սահմանադրությունը քաղաքացիական իրավունքների հռչակագիր է և դատական համակարգը ստանձնել է այդ իրավունքների պաշտպանության և արդարադատության ու դատական անվտանգության իրագործման պատասխանատվությունը: Մեր հաղորդման ժամանակը ավարտին հասնելով հաջորդ հաղորդման ընթացքում կրկին կանդրադառնանք լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներին ու մտքերին:  

 

 

Aug 11, 2018 20:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ