Sep 09, 2019 14:42 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին ,թե ինչ է տագնապը: Այսօր կխոսենք տագնապի հաղթահարման մասին: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանի մասնագիտական խորհուրդներից: Որպես աղբյուր օգտվել ենք armenbegoyan.com կայքից և այլ մասնագիտական կայքերից Մնացեք մեզ հետ:

Երբեմն կյանքում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք ստիպում են մեզ հայտնվել խուճապային դրության մեջ։ Այդ ժամանակ բանականությունը սկսում է նահանջել, մարմինը չի ենթարկվում, և նույնիսկ մտքերը սկսում են հոսել։ Խուճապային իրավիճակներում մարդը կորցնում է ինքնակառավարումը, տագնապը ոչնչացնում է գիտակցությունը՝ արգելափակելով առողջ մտածելու կարողությունը։

Տագնապը նման է վախի, բայց ի տարբերություն վախի, այն չունի կոնկրետ օբյեկտ: Այն մի շարք հույզերի փունջ է, որոնցից մեկն էլ հենց վախն է:

Տագնապի կայուն դրսևորումները անվանում են տագնապայնություն, այն երկարատև է և հակված կրկնվելու:

Կան տագնապային խանգարման մի քանի տեսակներ. Դրանք են` 1. Խուճապային խանգարում, այն դրսևորվում է արագ սրտխփոցով, մակերեսային շնչառությամբ, դողով, սառը քրտինքով:

 

2. Հետտրավմատիկ սթրեսային խանգարում, այն արտահայտվում է գրգռվածությամբ, վախով, թմրածությամբ և օտարացմամբ:

 

3. Ֆոբիա, այս խանգարումն ունեցող մարդիկ ծայրաստիճան անհանգիստ են, իրենց թվում է թե բոլորի հայացքներն իրենց է ուղղված, ունեն կայուն վախ որ ուրիշներն իրենց են դիտում և գնահատում:

Տագնապի դրսևորումը բավականին բազմազան է,այդ թվում են՝

Էմոցիոնալ տագնապ. շարունակական տագնապալից մտքեր` կապված որևէ կոնկրետ իրավիճակի, կամ անհանգստացնող սպասումներ ու պատկերացումներ` ցանկացած իրավիճակի հետ կապված: Կատարված իրադարձությունների  վերաբերյալ անհագստացնող կպչուն մտորումներ:

 

Ֆիզիկական տագնապ. սովորաբար արտահայտվում է մկանային լարվածությամբ, որը պայմանավորված  է հանգստանալու անկարողությամբ, կրծքավանդակի մասում «ոլորելու» զգացողության առաջացմամբ:

Մարդու մոտ բարձր տագնապայնությունը կարող է զարգանալ ուղեղի մեխանիզմներից մեկի, որը պատասխանատու է սխալների գիտակցման համար, աշխատանքի խախտումների արդյունքում:

Բարձր անհանգստությունը կամ տագնապը դասվում են այն հիվանդությունների շարքին, որոնք հայտնի են որպես պաթոլոգիկ տագնապային վիճակներ: Այս խնդրի հետ այս կամ այն ձևով կյանքում գոնե մեկ անգամ բախվում է մարդկանց առնվազն 10 տոկոսը: Նման խանգարման համար բնորոշ են ինչպես հոգեկան նախանշանները, որոնց թվում են չմոտիվացված լարվածությունը և վախը, այնպես էլ ֆիզիկական դրսևորումները, օրինակ՝ հևոցը, արագ սրտխփոցը, ստամոքսաղիքային համակարգի խախտումները:

 

Եթերում է հոգեբան Արման Բեգոյանը։

 Ինչպե՞ս հաղթահարել տագնապներն ու անհանգստությունները։

Կենտրոնացում զգացողությունների վրա

Այս մեթոդն օգնում է շեղել ուշադրությունը սեփական զգացողություններից՝ գտնվելով «այստեղ» և «հիմա»։ Դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական գործողությունների ու զգացմունքների վրա։ Երբ զգում եք տագնապային իրավիճակների մոտալուտ վտանգը, ապա հանեք գրպանից լավ հիշողություններ արթնացնող Ձեր ամենասիրելի իրը։

Մշտապես ունեցեք հաճելի բույրով օծանելիք կամ եթերային յուղեր։ Դրանք հիանալի միջոց են անհանգստությունն ու տագնապային պահերը ոչնչացնելու համար։ Գիտակցաբար կատարված աշխատանքը ևս օգնում է հաղթահարել նման իրավիճակները։ Կարելի է թեյ պատրաստել՝ հետևելով Ձեր յուրաքանչյուր շարժումին։ Կենտրոնացեք բույրի, ամեն մի ումպի, բաժակը բռնելու ձևի և այլ մանրուքների վրա։

Գիտակցությունը պետք է ամբողջությամբ խորասուզվի ներկայի մեջ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել անհանգստություններից։

 

Ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի վրա

Եթե դժվարությամբ եք կենտրոնանում ինքներդ Ձեր ու Ձեր գործողությունների վրա, ապա ուշադրությունը կարող եք շեղել դեպի շրջապատող աշխարհը՝ փորձելով զերծ մնալ տագնապալի մտքերից։

Զբաղվեք որևէ ակտիվ ու Ձեզ հոգեհարազատ աշխատանքով։ Մի դեպքում կարող է լինել սպորտը, մյուս դեպքում՝ ընթերցանությունը և այլն։

Դուրս նայեք պատուհանից, ընտրեք որևէ հետաքրքիր օբյեկտ ու սկսեք ուսումնասիրել այն։ Հետաքրքիր միջոց է նաև խաղ-փնտրտուքը։ Օրինակ, կարո՞ղ եք սենյակում գտնել կանաչ շրջանաձև իրեր և այլն։

 

Տագնապների նվազեցում շնչառության միջոցով

Ներքին լարվածությունը կարելի է վերացնել մկանային հյուսվածքները ժամանակին թուլացնելու դեպքում։ Խորը շնչեք ու արտաշնչեք, այնուհետև փորձեք շնչել որովայնով։ Դա օգնում է վերացնել բոլոր բացասական զգացմունքներն ու տագնապները։

Եթե խուճապը պատել է նաև երեխային, ապա փորձեք շփել ձեռքերը՝ վերականգնելով մարմնի ջերմությունն ու վերացնելով տագնապները։

Հաղթահարման ուղիներ

 

1. Ֆիզիկական վարժություններ, կանոնավոր կերպով

 

2. Մեդիտացիա, յոգա, որը նպաստում է նյարդային համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև մկանային լարվածության թուլացմանը

 

3. Կանոնավոր քնելը, սուրճի չափավոր քանակ

 

Իհարկե, այս քայլերն օգնում են ոչ թե ամբողջությամբ ազատվելու խնդիրներից, այլ հեռացնելու բացասական էներգիան և բացի այդ, ուժ են հաղորդում, որպեսզի շարունակեք ապրել ու գործել։

4. Դիմեք հոգեբան հոգեթերապևտի միասին այդ ուղին անցնելու համար:

 

 

Չինացի հետազոտողները պարզել են, որ խավարի հետ կապված սարսուռն ու վախը մեզ բաժին է հասել մեր նախնիներից` որպես վտանգին արձագանքելու ունակություն։

 

Ինչու՞ են մարդիկ հենց գիշերային ժամանակն ավելի տագնապալի համարում։ Թերևս շատերը կհամաձայնեն, որ այդ ժամանակահատվածում մարդկանց չի լքում վախի, անպաշտպան լինելու և տագնապի զգացումը։ Այդ երկյուղը դրսևորվում է հատկապես մանուկ հասակում, սակայն մեծահասակները նույնպես հաճախ են նման զգացողություններ ունենում։ Հենց այդ պատճառով է, որ մարդիկ երբեմն չեն կարողանում քնել առանց լամպի թույլ լույսի։

 

Հետազոտողները կարծում են, որ մարդկանց մոտ տագնապ է առաջացնում ոչ այնքան խավարը, որքան հենց գիշերը։ Եվ պատճառը նախնադարյան մարդուց ժառանգած արձագանքն է պոտենցիալ վտանգին։ Ըստ գենետիկ հին սովորության, գիշերը մարդկային օրգանիզմն անցնում է ավելի մեծ զգոնության ռեժիմի, այդ պատճառով մարդիկ ավելի զգայուն են դառնում ցանկացած խշխշոցի նկատմամբ։ Նույնիսկ ամենաանմեղ շարժման մեջ գիշերային ժամերին մարդը պոտենցիալ վտանգ է տեսնում։ Բայց ինքն էլ չի կարողանում հստակ բացատրել, թե կոնկրետ ինչն է վախեցնում։

 

Գիտափորձին մասնակցել է 100 կին։ Գիտնականները հետևել են նրանց ռեակցիաներին տարբեր իրավիճակներում։ Սկզբում նրանք հետևել են, թե ինչ վարքագիծ են դրսևորում մասնակիցները միացրած լույսի ժամանակ, այնուհետև անջատել են լույսը։ Բացի այդ, կանանց ցույց են տվել վախեցնող նկարներ, զանազան ձայներ արձակող ձայնագրություններ են միացրել։ Հատկապես ուշադիր հետևել են վախի այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են` սրտխփոցների արագացումը և քրտնարտադրությունը։ Մասնակիցների ռեակցիաներն ուղղակիորեն կախված են եղել նրանից, թե օրվա որ կեսին են անցկացվել գիտափորձերը (ցերեկը, թե՞ գիշերը)։ Եթե փորձն անցկացվում էր գիշերային ժամին, ապա մասնակիցներն ավելի հաճախ էին վախի զգացումներ ունենում, նույնիսկ եթե սենյակը լուսավորված էր։

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ