Sep 03, 2019 20:01 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի:

 

Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկայացվեց հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի և հայկական հոգևոր-մշակութային ճարտարապետությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց օգոստոսի 31-ին:

«Մեկ ամիս շարունակ Երևանում մարդիկ առիթ ունեն տեսնել 39 ցուցահարթակներում ցուցադրված լուսանկարչության ցուցահանդեսներ: Այդ հարթակներից  մեկն էլ Կապույտ Մզկիթն է: Ցուցահանդեսներին ներկայացրել ենք 20 երկրների մասնակիցների 500-ից ավելի աշխատանքներ,-ասաց Հայաստանի առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի կազմկոմիտեի նախագահ Տաթև Մնացականյանը:

Ցուցադրություններ են եղել նաև մետրոյի կայարաններում: Ազգային ժողովում ևս բացառիկ ցուցադրություն են կազմակերպել: Սեպտեմբերի 12-ին նախագահական նստավայրի բակում ևս տեղի կունենա ցուցադրություն:

Փառատոնի շրջանակում կազմակերպվել է նաև մրցանակաբաշխություն, ընտրվել են երեք լավագույնները: Փառատոնի շրջանակում Իրանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ ու ջանքերով նաև մասնակցել են մեծ թվով իրանցիներ: Երրորդ տեղը զբաղեցրել է հենց իրանցի ՄահբուհեհՖարաջոլլահին, ով լուսանկարչական գործունեությունը սկսել է 2008 թվականից: Ներկայում Իրանի թատրոնի տան գլխավոր լուսանկարիչն է:

Ֆարաջոլլահին ներկայացրել է «Մեկ ժպիտ» լուսանկարը: « Նկարել եմ երեխաների ուրախությունը բակում իրենց խաղի ժամանակ: Դրա համար էլ լուսանկարը կոչվում է «Մեկ ժպիտ»,-պատմեց նա:

 

Կապույտ մզկիթում ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական ՍեյյեդՄոհամմադՌեզաՀեյդարիի աջակցությամբ:

«Չնայած նրան, որ Կապույտ մզկիթը վաղուց արդեն վերածվել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկի, սակայն այն իր ոչ ճիշտ ներուժով է ներկայանում հանրությանը, ընկալվում է որպես հավատքի կենտրոն: Սակայն Կապույտ մզկիթի  ներուժն ավելի մեծ է, այն պատմամշակութային մեծ կենտրոն է, մեծ գործունեություն է ծավալում: Իրականացնելով այս միջոցառումը՝ ևս մեկ անգամ շեշտադրել ենք այդ ներուժը և ցույց ենք տալիս պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր մշակութային կենտրոնների հետ, սերտացնելու հայ-իրանական մշակութային կապերը»,-ասաց ՍեյյեդՄոհամմադՌեզաՀեյդարին:

Ցուցահանդեսին ներկայացված էին հայկական արմատներ ունեցող Իրանի հայտնի լուսանկարիչ Անտուան խան Սևրուգինի (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին) լուսանկարները:

Արվեստաբան ԻվեթԹաջարյանը նկատեց՝ հայկական արմատներով լուսանկարիչ Սևրուգինը մեծ համբավ ունի Իրանում: Նրա լուսանկարները կարելի է տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Սևրուգինի լուսանկարներում կարելի է տեսնել նաև Իրանի  հովանավորության տակ գտնվող հայկական եկեղեցիներ, մշակութային կենտրոններ: Դա ցույց է տալիս, թե Իրանում ինչ հոգատարությամբ են վերաբերում հայկական կոթողներին:

Թաջարյանն արդեն երկար տարիներ է, ինչ ուսումնասիրում է Սեգրուվյանների գերդաստանը, նրանց պատմությունը: Նա նկատել է՝ Անտուան խան Սևրուգինի հայ լինելու մասին քիչ խոսք կա, հաճախ թյուրիմացաբար կարծել են, թե նա վրացի կամ ֆրանսիացի  է: Անտուան Սևրուգինը եղել է պալատական և շահի անձնական լուսանկարիչը, որն իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեք մուտք չի գործել որևէ իրանցի  լուսանկարիչ:

 

«Մահապատիժ հայկական ձևով» պիեսը

 

Թեհրանում Նադեր Նադերփուրի ռեժիսորությամբ բեմականացվել է Պերճ Զեյթունցյանի «Մահապատիժ հայկական ձևով» պիեսը: Այն պարսկերենի է թարգմանել Անդրանիկ Խեչումյանը:

Պիսեսըբեմականացվում է Թեհրանի «Հաֆեզ» թատերասրահում, ամեն օր ժամը 21-ին:

Հիշեցնենք, «Մահապատիժ հայկական ձևով» պիեսը 2004թ.-ին ՀՀ գրողների միության կողմից ընտրվել է որպես տարվա լավագույն պիես և հեղինակին արժանացրել՝ Լևոն Շանթի անվան մրցանակին:

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 18-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։

1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1986-1990 թվականներին զբաղեցրել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիրի պաշտոնը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

Վախճանվել է 2017թ. օգոստոսի 21-ին, Երևանում:

Պերճ Զեյթունցյանը հեղինակել է 12 պիես, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան տասը լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և պարսկերեն:

 

 

Իրանահայ լուսանկարիչ Սեւակ Ալեքսանդրյանը, վերջերս իր հեղինակած երեք լուսանկարներով մասնակցել է Սպահանում կայացած «Բնության մեղեդի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որի արդիւնքումյիշեալինշւած աշխատանքները ոչ միայն արժանացել են մասնագէտների ու արվեստի սիրահարների բարձր գնահատանքին, այլեւ լուսանկարներից մեկը իրավարար կազմի կողմից ճանաչվել է որպես ցուցահանդեսի լավագույն աշխատանք եւ Սեւակը թույլտվություն է ստացել առաջիկա սեպտեմբերին մասնակցելու Թուրքիայի Իզմիր քաղաքում կայանալիք իրանցի լուսանկարիչների ցուցահանդեսին։

Իզմիրի ցուցահանդեսին ներկայացվելիք լուսանկարն ընտրվելու է «Բնության մեղեդի»-ում ցուցադրված երեք աշխատանքներից՝ հեղինակի եւ կազմակերպիչների համախորհուրդ որոշման արդյունքում։

Սեւակ Ալեքսանդրյանը ծնվել է 1972 թւականին Աբադանում։ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Շահինշահր, իսկ հետագային՝ Նոր Ջուղա։ Նա լուսանկարչական արվեստով զբաղվել է դեռ պատանի հասակից, ապա 2014 թվականից ավելի է մասնագիտացվել այս ոլորտում՝ մի շարք ուսուցողական դասընթացների մասնակցելով։ Թեեւ Սեւակը լուսանկարում է զանազան տեսարաններ, սակայն նրա հիմնական նախասիրությունը՝ իր այս արւեստի միջոցով բնության տարբեր երեւույթների ու հինավուրց շինությունների ու կոթողների հավերժացումն է։

Լուսանկարիչը մասնակցել է մի շարք այլ ցուցահանդեսների ու փառատոների, որոնց շարքում կարելի է նշել հատկապես կինոռեժիսոր Զավեն Ղուկասյանի հիշատակին կազմակերպված հայ լուսանկարիչների գործերի եւ իրանական ընթացիկ տարվա խորդադին տեղի ունեցած ձեռարվեստի ցուցահանդեսները։ Հարկ է նշել, որ ձեռարվեստի ցուցահանդեսին ներկայացրած Սեւակի լուսանկարը նույնպես արժանացել է «Լավագույն աշխատանք» անվանակարգի մրցանակին։

 

Հայաստանի մայրաքաղաք Երևանում եւ մարզերում օգոստոսի 23-30-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւհոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի ունեցել էր մասնակցության 2000 հայտ 53 երկրներից, բայց ընտրվել էին բացառապես հոգեւորեւ համամարդկային արժեքներ` սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հայրենասիրություն քարոզող ֆիլմերը` 37 կինոժապավեն` 17 երկրներից: Մրցանակաբաշխության համար ընտրվել էր 10 անվանակարգ: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ երեկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը (ԱՄՆ): Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում` շահեց «Մրցանակը» (Մակեդոնիա), լավագույն ուղերձ «Խաղաղություն» մրցանակը տրվեց «Տամբուրի լացը» ֆիլմին (Տաջիկստան), լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ես կամավոր եմ» կինոժապավենը (Ռուսաստան): Լավագույն ուղերձ «Քաջություն եւ հույս» անվանակարգում մրցանակը տրվեց «Բարձունքի հատակից» ֆիլմին (Ռուսաստան), «Շախմատ» ֆիլմը (Իտալիա) ստացավ լավագույն ուղերձ «Հույս» մրցանակը: Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» անվանակարգում լավագույնը համարվեց «Ծիածանի 7 գույները» կինոժապավենը (Ռուսաստան): Լավագույն ուղերձ «Հայրենասիրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տանիել» ֆիլմը (Հայաստան, Միացյալ Թագավորություն) եւ լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու ֆիլմ, որոնցից մեկը` «Իմ անունը Պետյա է» կինոժապավենը (Ռուսաստան), մյուսը` «Դանկա» ֆիլմը (Ռուսաստան):

«Անգամ, երբ զբաղված էինք լինում, կլանվում էինք այդ ֆիլմերով ու դիտում: Շատ լավն էին, շատ հետաքրքիր էին: Այս տարի բավականին մեծ էր նաեւ հանդիսատեսի թիվը: Ամեն տարի էլ ունենում ենք ֆանտաստիկ հետաքրքիր ֆիլմեր: 2019-ի «Ֆրեսկոն» նույնպես այս իմաստով բացառիկ էր»,- հայտարարել է «Ֆրեսկոյի» նախագահ Շահեն Նազարենկոն։

Փառատոնն իրականացվեց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբեւ աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

 

 

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 7-ին կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ հայկական հեղափոխության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել, եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն՝ մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»,- գրել է ՀՀ վարչապետը:

 

 

Համաշխարհային գրականության մեծագույն ներկայացուցիչ, գերմանացի մեծ բանաստեղծ, մտածող, փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ծննդյան 270-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում կազմակերպվել է ցուցահանդես:

Ազգային գրադարանում պահվող Գյոթեի գրքերի հարուստ հավաքածուից ներկայացված են ամենահայտնի եւամենահազվադեպ հրատարակություններ՝ 1875-ին և 1884-ին Լայպցիգում և Շտուտգարդում լույս տեսած գերմաներեն տասհատորյակները, Բորիս Պաստեռնակի թարգմանությամբ «Ֆաուստ»-ը, Գյոթեի և Շիլլերի նամակագրության երկհատորյակը, «Ֆաուստի», «Էգմոնտի», «Վերթերի»՝ Կահիրեում, Թիֆլիսում, Բեյրութում, Երևանում, Վաղարշապատում լույս տեսած հայերեն ամենատարբեր թարգմանությունները և այլն:

«Ազգային գրադարանում կարող եք ընթերցել Գյոթեի գրական ժառանգության լավագույն հրատարակությունները՝ տարբեր ժամանակներում ու երկրներում լույս տեսած հայերեն բազմաթիվ ստեղծագործությունները, գերմաներեն 10, 20, 40, 50 հատորյակներ, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով առանձին հրատարակություններ: Գյոթեի հազվագյուտ շատ գրքեր պահվում են գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի գրապահոցում, Լազարյան ճեմարանի, Արղության-Երկայնաբազուկի, Լեոյի և այլ հավաքածուներում»,-տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։

ՅոհանՎոլֆգանգ ֆոն Գյոթեն այնքան երկարակյաց էր, որ նրա կյանքի օրոք աշխարհ եկան ու կյանքից հեռացան Ֆրիդրիխ Շիլլերը, Ֆրիդրիխ Շլեգելը, Նովալիսը, Կլայստը, փիլիսոփաներ՝ Ֆիխտեն, Շելինգը, Հեգելը, կոմպոզիտորներ՝ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, անգլիացի բանաստեղծներ Բայրոնը և Շելլին: Գյոթեի թողած գրական ժառանգությունը, սակայն, շատ ավելի հարուստ է անգամ նրա ապրած տարիների համեմատ: Վիթխարի է ներդրումը, որ գրողը ունեցել է համաշխարհային գրականության զարգացման մեջ: Ստեղծելով սեփական ժանրերը՝ վերթերիզմ, վայմարյանկլասիցիզմ (ՇիլլերիեւՀերդերի հետ համատեղ), արևելյան ռոմանտիկա, նա կարողացավ միանգամից մի քանի քայլ առաջ տանել համաշխարհային գրականության զարգացումը: Չափազանց բարձր է գնահատվում Գյոթեի ստեղծագործության թագ ու պսակ, գերմանական պոեզիայի գագաթ «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա մեծ մտածողն աշխատել է ավելի քան 60 տարի։

Համաշխարհային գրականության հսկան իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև Արարատին և հայերին։ Մեծանուն բանաստեղծին խոր ակնածանք էր ներշնչում բիբլիական Արարատը։ «Ես չէի զարմանա,- ասում է նա գերմանացի նշանավոր բնախույզ և ճանապարհորդ Կարլ Ֆրիդրիխ Մարցիուսի հետ զրուցելիս,- եթե Արարատի վրա հայտնաբերեին առաջին մարդու գանգը»։

 

Կինոքննադատների և կինոգետների միջազգային FIPRESCI ֆեդերացիան ընտրել է 2018 թվականի լավագույն ֆլմը։ Այն դարձել է  մեքսիկացի ռեժիսոր ԱլֆոնսոԿուարոնի «Ռոման»։

 

Ֆիլմի համար քվեարկել է ֆեդերացիայի 618 անդամ։ Կուարոնը մրցանակը կստանա սեպտեմբերի 20-ին Սան Սեբաստիան փառատոնի ժամանակ։ FIPRESCI –ի վարկածով լավագույն ֆիլմի կոչման համար պայքարում էին նաև ռեժիսոր ՅորղոսԼանտիմոսի «Ֆավորիտուհին», Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառքը», Պոն ՋունՀոի  «Մակաբույծները»։ Մրցույթին մասնակցել են ֆիլմեր, որոնք վարույթ են դուրս եկել 2018 թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ը։

Անցած տարի FIPRESCI-ի անդամները լավագույն ֆիլմ էին ընտրել Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թելը» թրիլլերը։

«Ռոնա» դրաման արժանացել է երեք «Օսկարի», երկու «Ոսկե գլոբուսի», Վենետիկի կինոփառատոնի երկու մրցանակի և այլ մրցանակների։

 

Պիտակ

Մեկնաբանություններ