Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում նշեցինք, որ շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուր մարդու կարևոր պարտականությունն է: Մեր օրերին պետություններից բացի, շրջակա միջավայրի պահպանության հարցում յուրահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական կազմակերպությունները: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

Եթե հիշում եք նշեցինք, որ անցյալ դարաշրջանում մարդկային բազմազան գործողությունների տարածվելն անփոխարինելի վնասներ են պատճառել երկիր մոլորակին: Սակայն վերջին երեք տասնամյակներում մարդիկ եկել են այն եզրակացության, որ շրջակա միջավայրի պահպանությամբ կարելի է վայելել երկիր մոլորակի բարիքները: Այդ իսկ պատճառով համատարած կերպով պետությունների զարգացման ծրագրերում ներառվեցին անխնա շահագործման համակարգի բարեփոխումը և ցանքսատարածքների ու բնական պաշարների պահպանությունը: Այդպիսով արդյունաբերական և զարգացող պետությունների օրակարգում դրվեցին բնապահպանական քաղաքականությունները:

Շրջակա միջավայրի պահպանության հարցը գործնական դաշտ փոխադրելու և կայուն զարգացումն իրագործելու համար մտավորականներն ու փորձագետները տեղական ու տարածաշրջանային մասշտաբով քայլեր ձեռնարկեցին և օրակարգի մեջ դրեցին «մտածել գլոբալ և գործել լոկալ» կարգախոսը:

Այդ առնչությամբ ներկայացվեցին անկախ կազմակերպություններ, որոնք պատմական անցյալ ունեն բոլոր հասարակություններում և ազդեցիկ գործունեություն են ծավալել ավանդական ձևով ու կամավոր մասնակցությամբ: Անգամ 1992 թ. Ռիոյի գագաթնաժողովի «օրակարգ 21» հռչակագրում վավերացվեց նման կազմակերպություններին ճանաչել «գործընկերներ կայուն զարգացում իրագործելու համար»: Այդ կազմակերպությունների նշանակությանն է անդրադարձել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար՝ Կոֆի Աննանը:

Նա 21-րդ դարը հասարակական կազմակերպությունների դար է կոչել:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հասարակական կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնավար ու մասնավոր ձեռնարկություններ են, որոնք մեծ նպատակներ են հետապնդում կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, աղքատության նվազման, արդարության ու հավասարության տարածման, մարդու իրավունքների պաշտպանության և բազում այլ ոլորտներում: Այս կազմակերպությունները սովորաբար սերտ առնչություն ունեն տեղական համայնքների և խոցելի խմբերի հետ և պետական ծառայություններից ավելի էժան ու արդյունավետ ծառայություններ են մատուցում: Այս կազմակերպությունների գործունեությունն ընդգրկում է հետազոտություն, տեղեկությունների հրապարակում, ուսուցում, սոցիալական ծառայություն, օրենքը փոխելու ուղղությամբ ճնշումների գործադրում և քաղաքացիական անհնազանդություն: Այդ կազմակերպությունները կարող են ընդգրկել փոքր խմբավորումներ հատուկ մի համայնքում կամ մեծ խմբավորումներ ազգային ու միջազգային մասշտաբով:

********

Երկրի գագաթնաժողովից հետո, բնապահպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների ներազդեցության պատճառով, կարճ ժամանակ անց ձևավորվեց «կանաչ հեղափոխություն»-ը: Արևմտյան երկրներում այդ շարժման ակտիվիստներն ու կողմնակիցները հաջող գործընթաց բնութագրեցին այդ քայլը: Այնպես որ այսօր բնապահպանության ակտիվիստներն աշխարհում ունեն մեծ թվով համակիրներ և բնապահպանական հարցերը լայնորեն արձագանքվում են լրատվամիջոցներում: Բնապահպանական շարժումը կարող է կայուն դիրք զբաղեցնել օրենսդրության ոլորտում:

 

Տեղական մասշտաբով բնապահպանական անկախ կազմակերպությունները ծանոթ լինելով ժողովրդի համոզումներին ու ավանդույթներին, բնապահպանական ոլորտներում կարող են համագործակցել պետական կառույցների հետ:

Այդ կազմակերպությունների գործունեությունն տարբեր կարիքների վրա հիմնված և ինքնաբուխ լինելով, կարելի է երեք մասերի բաժանել:

Նախ բնապահպանության ոլորտում ուսուցում և տեղեկատվություն հասարակական տարբեր խավերի շրջանակներում: Երկրորդ՝ հետազոտություն բնապաշարների պահպանության և ճիշտ շահագործման ուղղությամբ: Երրորդ՝ դրական քայլերի ձեռնարկում, օրինակ այդ կազմակերպությունները կարող են ժողովրդական հնարավորություններից օգտվել ծառատնկության, գետերի հունի ու լեռների մաքրման, կենդանական ու բուսական տարբեր տեսակների պահպանության և այլ ոլորտներում:

Ինչպես նշեցինք, բնապահպանության ոլորտում ակտիվ ոչ-պետական կազմակերպությունները չեն սահմանափակվում մի երկրում, այլև կան միջազգային անկախ կազմակերպություններ, որոնք ուշագրավ գործունեություն են ծավալում  այդ ոլորտում: Այդ թվում է «Կանաչ խաղաղություն» կազմակերպությունը, որն անկախ է և ֆինանսական աջակցություն չի ստանում որևէ պետության, ընկերության կամ քաղաքական կուսակցության կողմից: Միջազգային այս կազմակերպության ծախսերը հոգում են նրա շուրջ 3 միլիոնի հասնող հովանավորները:

Հասարակական այս կազմակերպությունը հիմնվել է 1971 թվին, Կանադայում, Ալյասկայի կղզիներից մեկում ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների դեմ ի նշան բողոքի: Այդ կազմակերպությունը վայելեց բնապահպանության կողմնակիցների աջակցությունը և կարողացավ արշավներ կազմակերպել կետերի անհետացումը կանխելու, փոկերի որսի դեմ պայքարի, ծովերում միջուկային թափոնների ու քիմիական թունավոր նյութերի թաղումը դադարեցնելու և միջուկային փորձարկումներին վերջ դնելու ուղղությամբ:

 «Գրինփիս»-ի անդամները խաղաղ ճանապարհներով ընդդիմանում են շրջակա միջավայրը վտանգող անձանց: Օրինակ այդ կազմակերպության մի խումբ անդամներ փոքրիկ նավակով հայտնվել են կետերի որսորդների ու կետերի միջև նրանց որսը կնխելու համար: Նման վտանգավոր քայլերը լայն արձագանք են գտնում լրատվամիջոցներում և հանրային կարծիքը դեմ է դրսևորվում շրջակա միջավայրին սպառնացող այդ արարքներին:

***********

«Կանաչ խաղաղություն» կազմակերպությունը մինչ օրս բազում հաջողություններ է արձանագրել ազգային ու միջազգային մասշտաբով: Այդ պատճառով որոշ պետություններ բռնություն են դրսևորում այս կառույցի նկատմամբ: Օրինակ, 1985 թ. հուլիսի 10-ին, Ֆրանսիայի միջուկային փորձարկումների դեմ բողոքելու նպատակով Պոլինեզիա մեկնող Գրինփիսի մի խումբ ակտիվիստների նավերից մեկը Նոր Զելանդիայի Օկլանդի նավահանգստում խորտակվեց երկու ռումբերի պայթյունի հետևանքով: Դեպքին զոհ գնաց ակտիվիստներից մեկը: Հետաքննությունների արդյունքում պարզվեց, որ այդ դեպքում դերակատար են եղել Ֆրանսիայի անվտանգության ուժերը և նրանք են իրականացրել ռմբադրությունը: Այդ հարցի բացահայտվելը մեծ խայտառակություն էր Ֆրանսիայի համար, որի պատճառով հրաժարական ներկայացրեց այդ երկրի պաշտպանության նախարարն ու պաշտոնանկ եղավ հետախուզական ծառայությունների պետը:

Բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական միջազգային  կազմակերպություն է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»-ը (World Wide Fund for Nature), որը հիմնադրվել է 1961 թվականին Շվեյցարիայում և ունի ավելի քան 5 միլիոն հովանավոր ողջ աշխարհում: Այս կազմակերպության նպատակն է վայրի բնության պահպանումը և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկությունը:  Այս կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում և շրջակա միջավայրի, հատկապես վայրի բնության պահպանության հարցում ընդդիմանում է նաև պետայրերին: Օրինակ տարիներ առաջ, այդ կազմակերպության իսպանական թևի անդամները խիստ բողոքեցին փղերի որսին Իսպանիայի թագավոր՝ Խուան Կարլոսի մասնակցության դեմ: Նրանք հայտարարեցին, որ այդ կազմակերպության նպատակներին չի համապատասխանում Խուան Կարլոսի մասնակցությունն այդ որսին: Չնայած Իսպանիայի թագավորը հրապարակավ ներողություն խնդրեց այդ ճամբորդության պատճառով, սակայն մինչ այդ 85 հազար մարդ ստորագրահավաքի մասնակցելով, նրա հրաժարականն էին պահանջել «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ»-ի պատվավոր նախագահի կոչումից:

Հասարակական կազմակերպությունների, հատկապես ոչ-պետական միջազգային կառույցների գործունեությունը վկայում է այն մասին, որ բնապահպանության ոլորտում նրանց գործունեության արդյունքում զգալիորեն վերացել է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային իրավունքների բացը: Եվ վերջապես կարելի է ասել, որ շրջակա միջավայրի մասին գոյություն ունեցող միջազգային իրավունքները և շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը հիմնականում հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունք են:

 

Պիտակ

Sep 05, 2016 20:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ