Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք շրջակա միջավայրը կազմող տարրերի, աղտոտիչների և շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքների նվազեցման գործեղանակների մասին: Մեր օրերին մտավորականները գտնում են, որ շրջակա միջավայրի փրկությունը հնարավոր է միայն էկոլոգիական էթիկայով: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

Էթիկան կամ բարոյագիտությունը սովորաբար բացատրում է երկու անձի կամ ընդհանուր առմամբ հասարակությունը կազմող մարդկանց հարաբերությունները: Մտավորականներն այն համոզման են, որ մինչ այսօր բավականաչափ ուշադրության չի արժանացել երկրի, կենդանիների և բույսերի հետ մարդկանց երկկողմ կապը ձևավորող էթիկան: Նրանք չափազանց կարևորում են բնապահպանական էթիկան: Մեր օրերին առավել ևս զգացվում է ոչ-մարդկային հասարակությունները մարդկային վնասներից պահպանելու կարիքը: Ուստի մեր օրերին էթիկան հիմք է ծառայում շրջակա միջավայրի մասին մարդու մտահոգություններին պատասխանելու համար:

Անտարակույս բնապահպանական ճգնաժամերը մարդու ընչաքաղց, նյութապաշտ և տիրակալական մտքի, այլ խոսքով մարդու տգիտության հետևանք են: Հասարակության մեջ տիրող անարխիան և բնապահպանական ճգնաժամերը վկայում են մարդկանց ներսում տիրող խառնաշփոթ վիճակի մասին: Չնայած 1960-ական թվականներից ի վեր, երբ բնապահպանական ճգնաժամն ավելի զգալի դարձավ, ՄԱԿ-ը բազում համագումարներ կազմակերպեց այդ կապակցությամբ: Սակայն բնապահպանական զգուշացումները միայն համագումարներում ներկայացնելով, անհնար է կայուն կյանք ապահովել: Այդ ոլորտում հաջողությունը պայմանավորված է կյանքի տարբեր ոլորտներում մարդկանց հնարամտության ու կարողության հետ: Այդ իսկ պատճառով, 20-րդ դարի կեսերին ներկայացվեց այն տեսակետը, որ մարդու կողմից առաջացած բնապահպանական խնդիրներն անհնար է լիովին կարգավորել միայն տեխնոլոգիաների կիրառմամբ, այլև պահանջվում է մարդը ևս փոփոխություններ առաջացնի իր վարքագծում: Ուրեմն բնապահպանական էթիկայի վրա հիմնված օրենքներ են պահանջվում մարդու և բնության միջև կապն ուսումնասիրելու համար: Այս հարցի նշանակությունից ելնելով, ասվում է, թե բնապահպանական գիտությունները ֆիզիկական գիտություններից առավել կողմնորոշվում են դեպի վարքագծային գիտություններ: Այդ իրողությանն ուշադրություն է դարձրել ծագումով ռուս ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ՝ Պիտիրիմ Սորոկինը: Բնապահպանական էթիկայի անհրաժեշտության մասին նա ասել է.«Չնայած արդյունաբերական ու տեխնիկական սարքերի զարգացմանը, մենք առավել քան երբևէ բարոյական ու մարդկային արժանիքների աղքատություն ենք զգում»: Ժամանակակից մտավորական՝ Գորել Թորդինը ևս անդրադարձել է բնապահպանական էթիկային: Նա ասում է.«Ֆիզիկական ծրագրավորումը բավարար չէ: Մենք պետք է բարոյական արժեքների վրա հիմնված ապագայի հեռանկար ունենանք»:

**********

Էկոլոգիական էթիկան ձևավորվել է մարդկային կարիքների հիման վրա: Բնապահպանության հարցում էթիկայի նշանակությունն ըմբռնելով, տարբեր մարդիկ փորձել են տեսություններ ներկայացնել այդ կապակցությամբ, այդ թվում են արևմուտքցի մտավորականներ՝ Լեոփոլդը, Թեյլորը, Ռեյգանը և Նայսը: Նրանք համոզված են, որ անհրաժեշտ է բարոյական մոտեցում դրսևորել այլ էակների նկատմամբ: Օրինակ Ռեյգանի առաջարկած բարոյական էթիկան հիմնված է կենդանիներին պաշտպանելու վրա: Իսկ Լեոփոլդը կողմ է բիոէթիկային: Այսինքն շրջակա միջավայրի հետ վերաբերվել այնպես, որ պահպանվի մեզ շրջապատող միջավայրի միատարրությունը, կայունությունն ու գեղեցկությունը: Բոլոր տեսակետներում կարևորվում է այն հանգամանքը, որ էկոլոգիական էթիկան պետք է ձևավորի սկզբունքներ մարդու և բնության հարաբերությունների վրա հիմնված: Դա նշանակում է մարդկային գործողությունները հիմնված լինեն շրջակա միջավայրը վնասներից պահպանելու և բարության վրա: Այլ խոսքով, էկոլոգիական էթիկան մարդկային մտքի և վարքի սկզբունքների ամբողջություն է, որը կենտրոնացած է բնության նկատմամբ մարդու բարոյական վերաբերմունքի դրսևորման վրա: Ուրեմն բնապահպանական էթիկան պատասխանատվություն է այն ամենի նկատմամբ ինչն ապրում է: Դա առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ  կամավոր կերպով գործում են կամ խուսափում են գործողություններից՝ ելնելով հենց բնության բարօրության դատողություններից, գիտակցելով, որ այլ կենդանի էակները ևս ունեն ապրելու, ազատության և ռեսուրսներից օգտվելու իրավունք:

Էկոլոգիական էթիկայի մասին ուսումնասիրություն կատարելիս նաև պետք է նկատի առնել տեղայնական բիոէթիկան: Դա նշանակում է, որ էկոլոգիական էթիկան պետք է համապատասխանի ցանկացած տարածքում տիրող մշակույթին, արժեքներին ու համոզումներին: Բնապահպանական էթիկայի հարցում նաև պետք է ուշադրության առնել պատմական ու կրոնական ինքնության պահպանումը: Քանի որ կրոնական ուսուցումներն ու աշխարհայացքը որոշիչ դեր ունեն մարդկանց անհատական ու հավաքական վարքագծերում, որը դրսևորվում է շրջակա միջավայրի նկատմամբ:

*****

Այսօր շատերն այն համոզման են, որ բնապահպանական ճգնաժամը իրականում բարոյական ու կրոնական ճգնաժամ է և կրոնից հեռանալը կարող է բնապահպանական ճգնաժամերի առաջացման գլխավոր պատճառը լինել: Նման մոտեցումը և բարոյական համոզումների ու հոգևոր արժեքների ազդեցությունը մարդկանց կամ այլ էակների՝ բույսերի ու կենդանիների հետ կարևորվելով, ընդգծվում է այն հանգամանքը, որ բնապահպանական ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է կրոնների ուսուցումներին հետևելով: Այդ հարցը մեզ առաջնորդում է դեպի աստվածադավանություն: Աստվածադավանությունը փիլիսոփայական ուղղություն է, որն ընդունում է Աստծո գոյությունը, նրա կողմից աշխարհի ստեղծումը,ինչը հաստատում են Աբրահամյան կրոնները: Այդպիսով շրջակա միջավայրի պահպանություն նշանակում է պահպանել այն ամենն ինչ արարել է Աստված:

 

Չնայած Աբրահամյան կրոններում մարդը տարբեր է մյուս կենդանի էակներից, սակայն Աստծո նկատմամբ ունեցած իր պարտականության բերումով, հատուկ պարտականություն ունի շրջակա միջավայրի նկատմամբ: Ուստի շրջակա միջավայրի նկատմամբ որոշում կայացնելիս, չպետք է անտեսել մյուս կենդանի էակներին:

Պատմության ընթացքում, տարբեր կրոններ ուսուցումներ են ներկայացրել մարդու կյանքի համար, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստել են շրջակա միջավայրի պահպանմանը: Օրինակ ասկետիզմի և խնայողության մասին կրոնական ուսուցումները չնայած ուղղակի չեն առնչվում շրջակա միջավայրի պահպանության հետ, սակայն կարող են ամենաարդյունավետ միջոցը լինել այդ նպատակով: Կրոնները ուսուցանում են սիրել կենդանիներին, չվնասել ծառերին չաղտոտել հոսող ջրերը և այս բոլորը կարող են հիմք ծառայել շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ գործեղանակներ մշակելու համար: Բրիտանացի սոցիոլոգ՝ Գիդենզը գտնում է, որ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ պետք է ընդգծել կրոնական ուսուցումներն ու ավանդական ձևերը: Նրա կարծիքով, կրոնները բնապահպանական պատշաճ վարքագծեր են ներկայացրել:

Իսլամը ևս բարձր է արժևորում շրջակա միջավայրը: Իսլամը գտնում է, որ մարդը պատասխանատու է շրջակա միջավայրի նկատմամբ և այդ կապակցությամբ կանոններ է ներկայացրել: Իսլամը մարդուն խորհուրդ է տալիս պաշտոնապես ճանաչել շրջակա միջավայրի ներքին արժեքը: Նման մոտեցումը կարող է միասնության զգացմունք առաջացնել Աստծու բոլոր արարածների  միջև: Այդ հարցը վերազգային և գլոբալ նշանակություն ունի և ուշադրության արժանանալով, կարող է տարբեր հասարակություններում հստակ ուսուցումներ ներկայացնել մարդկությանը:

*******

Այս թեմայի շուրջ երկար կարելի է խոսել: Բայց քանի որ սպառվել է հաղորդմանը հատկացված եթերաժամը, զրույցը կշարունակենք հաջորդ շաբաթ: Հաջողություն Ձեզ և ամենայն բարիք:

 

Sep 16, 2016 19:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ