Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի 54-րդ և վերջին համարը: Նախորդ երկու զրույցներում խոսել ենք շրջակա միջավայրի վերաբերյալ իսլամի հայեցակետերի մասին: Իսկ ինչպես խոստացել էինք այսօրվա զրույցում կանդրադառնանք ԻԻՀ-ում շրջակա միջավայրի նշանակությանը: Ընկերակցեք մեզ:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն, Իրանն ամենահին երկրներից է, որտեղ գործում են շրջակա միջավայրի վերաբերյալ օրենքներ ու կանոններ: Հնադարյան իրանցիների ուսուցումներում մեծ նշանակություն է ունեցել բնության տարրերի՝ օդի, ջրի, հողի, կրակի պահպանումն ու շրջակա միջավայրի մաքրությունը: Իրանցիների մոտ անտառն ու ծառը միշտ գեղեցկության ու թարմության խորհրդանիշ են եղել և ընդգծվել են կրոնական ուսուցումներում: Պատմությունը վկայում է այն մասին, որ հնադարյան ժամանակներում իրանցիներն ունեցել են հատուկ ծեսեր, որոնց ընթացքում զբաղվում էին ծառատնկությամբ:

Պերսեպոլիսում պահված Աքեմենյան ժամանակաշրջանի որմնագրություններում ևս կարևորվել է այդ հարցը: Օրինակ ամենուր նկատելի է նոճիի պատկերը, ինչը վկայում է ծառերի նշանակության մասին: Քարերի վրայի արձանագրություններից ու որմնանկարներից բացի, կտավագործության մեջ ևս նկատելի են բնությունը խորհրդանշող պատկերներ: Իրանցիները համոզված էին, որ երջանիկ է այն ժողովուրդը որ ծառ է տնկում և անբարեբեր հողը ցանքսատարածքի է վերածում:

Իրանցիներն իսլամ դավանելուց հետո, այդ կրոնի ուսուցումներից ելնելով, շրջակա միջավայրի նշանակությունն ավելի մեծացավ իրանցիների մոտ և տարբեր ժամանակաշրջաններում յուրահատուկ օրենքներ ու կանոններ մշակվեցին շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, շրջակա միջավայրի պահպանությունը երկրի գլխավոր հարցերից մեկը դարձավ: Այդ հարցն իր տեղն ուներ ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության այլ մտավորականների գաղափարներում: ԻԻՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն, հանրային պարտականություն է համարվում շրջակա միջավայրի պահպանությունը, որտեղ զարգացող հասարակական կյանք են վարելու ներկա և գալիք սերունդները: Հետևաբար արգելվում են շրջակա միջավայրն աղտոտող կամ անփոխարինելի կերպով վնաս պատճառող տնտեսական և ոչ տնտեսական գործողությունները:

************

Սահմանադրությունից բացի, այլ օրենքներ ևս կան շրջակա միջավայրի վերաբերյալ: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը միշտ կարևորել է բնապահպանական խնդիրները: Նրա հայեցակետով, շրջակա միջավայրի պահպանությունը հույժ նշանակալի հարց է և հասարակության բոլոր խավերի կրոնական պարտականությունն է: Այդ հարցում նա հատկապես ընդգծում է անհատական ու հասարակական պատասխանատվությունը: Մեծահարգ Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից ժողովուրդն է շրջակա միջավայրի իրական տերը և առողջ շրջակա միջավայր ունենալը նրա իրավունքն է: Իսլամական հեղափոխության Նորին Վսեմություն առաջնորդը շրջակա միջավայրի պահպանությունը իշխանության պարտականությունն է համարում և համոզված է, որ բնապահպանական խնդիրների կարգավորումը կառավարության կարևորագույն պարտականություններից է և այդ շրջանակում ներքին հարաբերություններից բացի, կառավարության օրակարգում պետք է լինի տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով կառույցների և այլ պետությունների հետ գործակցությունը:

Նման կողմնորոշմամբ, 2015 թվականին իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը եռյակ իշխանություններին է փոխանցել բնապահպանության գլխավոր քաղաքականությունները, որոնց մեջ կարևորվել է Իրանի զարգացման ծրագրերում բնապահպանական ցուցանիշների հարգումը: Վերականգնվող բնական ռեսուրսների պահպանումը, վերականգնումը, բարեկարգումն ու ընդլայնումը, կլիմայական փոփոխությունների և նորահայտ երևույթների ճանաչումը, բնապահպանական սպառնալիքների դիմագրավումը և ցածր ածխածնային զարգացման ուղիներն ընդգծելով կանաչ տնտեսության տարածումն այդ ցուցանիշներից են համարվում: Մաքուր էներգիաների օգտագործումը, տնտեսական ու տարբեր բաժիններում արտադրման և ջրի սպառման ձևաչափի բարեփոխումը, բնապահպանության արժեքների ու ծախսերի նկատի առնելը, բնապահպանության ոլորտում ներդրումները խրախուսելը և բնապահպանական էթիկայի կանոնադրության մշակումը իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից ներկայացված բնապահպանության ընդհանուր քաղաքականությունների գլխավոր կետերն են հանդիսանում: Այս քաղաքականություններում կարևորվել են երկու գլխավոր հարցեր՝ անհատական ու հասարակական պատասխանատվությունը և կառավարության պարտականությունները:

**********

Շրջակա միջավայրի պահպանությունը վերազգային հարց լինելով, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը առանձնահատուկ կարևորել է բնապահպանական դիվանագիտությունը, որովհետև ճշտված նպատակների իրագործումը սովորաբար տարածաշրջանային ու միջազգային կառույցների ստեղծման ու զարգացման կարիք ունի:

Այդ առնչությամբ կարելի է անդրադառնալ աերոզոլների ու ջրային աղտոտվածությունների դիմագրավմանը: Վերջին տարիների ընթացքում աերոզոլներն ուղղակի և անուղղակի կերպով խնդիրներ են առաջացրել Իրանի տարբեր շրջաններում: Աերոզոլները միայն 15 տոկոսով ներքին ծագում ունեն: Իրաքում, Քուվեյթում և Իրանի շրջակա տարածքներում բնապահպանական աղետների պատճառով առաջացած այդ երևույթը ոչ միայն ուղղակիորեն սպառնում է մարդկանց առողջությանը, այլև Իրանի արևմուտքում վտանգել է բույսերի ու անտառների գոյությունը:

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ Իրանի վերազգային քայլերից է Պարսից ծոցում և Օմանի ծովում, ինչպես նաև Կասպից ծովում հարևան պետությունների հետ համագործակցությունը, որը մեծ նշանակություն ունի:

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տարածաշրջանային քայլերից բացի, Իրանի իսլամական հանրապետությունն ակտիվ ներկայություն ունի շրջակա միջավայրի հետ առնչվող միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

 

Շրջակա միջավայրի հետ կապված արձանագրություններում ու կոնվենցիաներում, այդ թվում կլիմայական փոփոխությունների, ջրաճահճային հանդակների պահպանության՝ Ռամսարի, օզոնի շերտի պահպանության, բնական հարստության պահպանության, անապատացման դեմ պայքարի, կենսաբազմազանության և ջրային աղտոտվածությունների կանխման կոնվենցիաներում Իրանի անդամակցությունը վկայում է բնապահպանության հարցում Իրանի վճռակամության մասին: Այդ ուղղությամբ Իրանի բնապահպանության կազմակերպությունը շրջակա միջավայրի առնչությամբ միջազգային համագումարներում ակտիվ ներկայություն ունենալով, իրագործում է միջազգային շրջանակների կողմից վավերացված կետերը:

Հաշվի առնելով այս բոլորը, ակնհայտ է, որ ԻԻՀ-ում կրոնական ուսուցումների շրջանակում նպատակաուղղված քայլեր են ձեռնարկվում շրջակա միջավայրը ոչնչացնող գործոնների դեմ, որը չի մեկտեղվում տնտեսական շահերով ու քաղաքական նկատառումներով:

Շրջակա միջավայրի հարցը մարդկային կյանքի լինել-չլինելու հարց է և ակնհայտ է, որ այդ ուղղությամբ առաջընթացը միտված է մարդկանց կյանքի բարելավմանը: Շրջակա միջավայրը ոչնչանալու դեպքում, ամեն ինչ կոչնչանա: Այդ ճգնաժամը չի վերաբերում մի քանի երկրի կամ մայրցամաքի, այլև ողջ աշխարհն է տառապում այդ ճգնաժամից: Հետևաբար միջազգային համագործակցությունները կարող են կանխարգելիչ գործոն լինել  և կառավարել երկրների ներքին ու արտաքին բնապահպանական անապահովությունը: Այս իրողությունները  պարզաբանում են շրջակա միջավայրի նշանակությունը միջազգային մասշտաբով և բնապահպանության ուղղությամբ ԻԻՀ-ի հանձնառությունը վկայում է այն մասին, որ Իրանն առանձնահատուկ կերպով է կարևորում առողջ շրջակա միջավայրը, որը գրավականն է խաղաղության ու բարեկամության:

***********

Հարգարժան բարեկամներ այսպիսով ավարտում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» խորագրով հաղորդաշարը: Հույս ունենք, կարողացել ենք օգտակար տեղեկություններ փոխանցել շրջակա միջավայրի և աստվածային բարիքների պահպանության վերաբերյալ: Եթերում նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս Ձեզ: Մնացեք խաղաղությամբ:

 

Պիտակ

Oct 10, 2016 19:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ