Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:

Օրերս իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ եւ մշակութային գործիչ Անդրանիկ Խեչումյանը, արտերկրում հայ գրականության, մշակույթի պահպանման, զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած ավանդի առիթով պարգևատրվել է ՀՀ Գրողների միության «Կանթեղ» շքանշանով: Այդ առիթով, հոկտեմբերի 31-ի երեկոյան, Անդրանիկ Խեչումյանի գրքերի մի մասի հրատարակիչ «Օֆող» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր մեծարանքի միջոցառում, որին ներկա էին հայ եւ իրանական արվեստի ու գրականության մի քանի դեմքեր:

Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ «Օֆող» հրատարակչության տնօրեն Ռեզա Հաշեմինեժադը: Միջոցառմանը ելույթ ունեցան մայեստրո Լորիս Ճգնավորյանը, թարգմանիչ Ասադոլլահ Ամրային, Իսլ. Ազատ համալսարանի Հայերենագիտական ամբիոնի ռեկտոր դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը, գրաքննադատ Մասուդ Ալի Մահմուդին եւ թատերագիր Աբբաս Ջահանգիրիանը:

Վերջում հրավիրվեց արտահայտվելու ինքը՝ Անդրանիկ Խեչումյանը, որը իր շնորհակալությունը հայտնեց «Օֆող» հրատարակչությանը՝ իր գործերը հրատարակելու համար:

Միջոցառման ավարտին հրատարակչական ընկերությունների կողմից հուշանվերներ հանձնվեցին Անդրանիկ Խեչումյանին:

«Ռաանայի լռությունը»

Իրանցի կինոռեժիսոր Բեհզադ Ռաֆիի «Ռաանայի լռությունը» ֆիլմը ցուցադրվեց Հայաստանի Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոփառատոնում: Ավելի վաղ ֆիլմը ներկայացվել էր մի քանի միջազգային փառատոներում և շահել էր երկու մրացանակ:

«Ռաանայի լռությունը» ֆիլմը  կինոռեժիսոր Բեհզադ Ռաֆիի առաջին խաղարկային ֆիլմն է:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն անցկացվելու է  նաև ՀՀ մարզերում, որտեղ այն կտևի մինչև հաջորդ տարվա վերջ, քանի որ ներկայացված կինոնկարները չափազանց լավն են և շատ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փառատոնին հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ «Ռոլան Բիկով» հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 48 երկրից ստացված 865 ֆիլմից այս տարի ընտրվել էին 165-ը: Ժյուրին կազմված էր երեխաներից և երիտասարդներից:

«Փառատոնը կարևոր է, քանի որ նպաստում է  մանուկների դաստիարակությանը, իսկ մշակույթի միջոցով կյանքի դասերը, մարդկային հարաբերություններն ավելի գեղեցիկ են մատուցվում»,-շեշտեց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

Այս տարի փառատոնին հյուրընկալվեցին արվեստի ճանաչված գործիչներ արտերկրից` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարի Բարդինին: Փառատոնին ներկայացվեց «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմը և այլ  պրեմիերաներ:

Փառատոնի շրջանակում անցկացվեցին վարպետության դասեր, կինոդիտումներ, ստեղծագործական հանդիպումներ: Մրցանակակիրներին կհանձնվեն պատվոգրեր և հուշանվերներ:

Ռոլան Բիկովի անվան կինոփառատոնի բացումը կատարվեց նոյեմբերի 5-ին Երևանում և շարունակվեց մինչև նոյեմբերի 9-ը:

 

ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոն

 

Ավարտվեց ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը: Արդյունքները լրագրողներին ներկայացրեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին: «Մեկ շաբաթից սկսելու ենք ՌեԱնիմանիա 2017-ի նախապատրաստական աշխատանքները: Չնայած ֆինանսական խնդիրներին, կարողացանք պատվով անցկացնել փառատոնը: Կարծում եմ` ժյուրին պրոֆեսիոնալ մոտեցմամբ հիանալի ընտրություն է կատարել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Վրեժ Քասունին:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակի արժանացավ  Մառլիես Վան դեր Վելի «Ջոնասը և ծովը» ֆիլմը:

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ ճանաչվեց Պասկալ Էկեի «Փախչող բիսկվիթը»:

Լիամետրաժ ֆիլմերի հանրային ժյուրիի մրցանակը հանձնվեց Քրիս Փրինոսկուն «Ներաշխարհ» կինոնկարի համար:

Լիամետրաժ ֆիլմի լավագույն արտ կոնցեպտ`Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը տրվեց Ալբերտո Վասքեզ և Պեդրո Ռիվերոի «Փսիքոնաթես. Մոռացված երեխաներ» ֆիլմի համար:

Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ` Լև Ատամանովի անվան մրցանակի արժանացավ  Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» կինոժապավենը:

Իսկ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթեց Ալբերտո Վազքեսի «Բեմադրված» կինոնկարը: Նույն անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվել է Անթյե Հեյնին «Փորձ և սխալ» ֆիլմի համար:

Վրեժ Քասունու խոսքով`ինքը չի սիրում նախապես խոսել, սակայն շատ կցանկանար, որ հաջորդ տարի Հայաստանում անիմացիայի ֆակուլտետ բացվեր, ինչը կնպաստեր անիմացիոն ֆիլմերի զարգացմանը:

ՌեԱնիմանիան Հայաստան էր բերել բազմաթիվ հետաքրքիր հյուրերի, որոնք դրական տպավորություններով են հեռացել մեր երկրից` նշելով, որ ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված:

Ռեժիսոր Բիլ Փլիմփթոնի վարպետության դասին ներկա է եղել ավելի քան 200 մարդ: Իսկ այս տարվա ՌեԱնիմանիային ներկայացվել է 2200 հայտ 90 երկրից, սակայն ընտրվել և ցուցադրվել է 450 անիմացիոն ֆիլմ, ի շարս դրանց իրանցի կինոռեժիսոր Ալիռեզա Ղանաթի նկարահանած «Հոր ճենապակյա տիկնիկը»:

ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 28-ին: Այն ավարտվեց նոյեմբերի 3-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են տարբեր երկրների արտադրության բազմաժանր անիմացիոն ֆիլմեր, բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվել են վարպետության դասեր և այլ միջոցառումներ:

«Զարե»

 

Նոյեմբերի 9-ին  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի հոբելյանական ցուցադրությունը: Այն կազմակերպել էր Հայկական ազգային կինոակադեմիան:

Այդ օրը «Զարե»-ն դարձավ ուղիղ 90 տարեկան, քանզի 1926 թվականին հենց նոյեմբերի 9-ին է եղել ֆիլմի պրեմիերան: Բոլորովին վերջերս «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով արվել է «Զարեի» բարձրորակ թվայնացում: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը:

Ֆիլմը նկարահանվել է Լազոյի համանուն վիպակի հիման վրա: Այն նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում:  «Զարե»-ը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։

Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդերի մասին առաջին ֆիլմն է, որից հետո քրդերի մասին կինոն լռել է մինչև 1991 թվականը:

Հալեպի հնագիտական հուշարձաններ

 

Հալեպ նահանգում ահաբեկիչների հետ ռազմաճակատի գիծն անցնում է հնագիտության հուշարձանների հարևանությամբ, որոնք ամեն ժամ ամբողջովին կործանվելու վտանգի տակ են: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ մշակութային և բնության ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Թիմուր Կարմովը:

Ռուս հնագետները Սիրիայում պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ եղել են Հալեպի մոտակայքում, որտեղ կարողացել են հետազոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակը:

Արշավախումբն աշխատել է քրդական աշխարհազորի միձոցով կառավորվող տարածքում: Գիտնականը նշել է, որ այդ շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի առնվազն 8 հնագիտական հուշարձան կա: Առանցքայինը Ջաբալ Սեմաան անունով հուշարձանների խումբն է:

Գիտնականների գնահատմամբ, Հալեպի հնագիտական հուշարձաններից յուրաքանչյուրը մակերեսով ու նշանակությամբ համեմատելի է Պալմիրայի հետ:

Գրքերի գետ Տորոնտոյում

 

Վերջերս կանադական Տորոնտո քաղաքում կայացած Nuit Blanche 2016 («Անքուն գիշեր») մշակութային փառատոնի շրջանակում քաղաքի փողոցներից մեկում հետաքրքիր ինստալյացիա է արվել:

Literature Vs Traffic նախագծի հեղինակներն ամենամարդաշատ փողոցներից մեկը «գետի» են վերածել 10 հազար լուսավորված գրքի միջոցով:

Գրքերը նվիրաբերել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը, և ավելի քան 50 կամավոր 12 օր շարունակ աշխատել է ինստալյացիան իրագործելու համար:

«Այսպիսով՝ քաղաքի մի մասը, որը հայտնի է արագ երթևեկության, աղտոտման ու աղմուկի շնորհիվ, մեկ գիշերով կդառնա խաղաղության, հանգստության և գոյակցության վայր` լուսավորվելով գրքերի էջերից սփռվող աղոտ լույսով: Գրքերն այստեղ կլինեն այնքան ժամանակ, որքան մարդիկ ցանկանան, ու մինչև կվերցնեն վերջին գիրքը»,- հայտնել են կազմակերպիչներն իրենց կայքում:

Նշվում է, որ ինստալյացիան տեղում է մնացել ընդամենը 10 ժամ:

Հանս Քրիստիան Անդերսեն

 

Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805 – 1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքի վարչակազմը, որը ներկայացրել Է նախագծի ֆինանսական պլանը, ենթադրում Է, որ նոր թանգարանի կառուցումը կնստի 305 միլիոն կրոն (շուրջ 45,5 միլիոն դոլար): Պլանավորման երկար տարիներից հետո շինարարությանը ձեռնամուխ լինելու հնարավորություն կընձեռի 225 միլիոն կրոնի (33,5 միլիոն դոլարի) չափով նվիրատվությունը, որն արել Է Առնոլդ Պետեր Մելլերի (1876 – 1965)`  A.P. Moller-Maersk Group հայտնի նավաշինական ընկերության հիմնադրի հիմնադրամը: Եվս 60 միլիոն կրոն (9 միլիոն դոլար) կհատկացնեն քաղաքի իշխանությունները:

Թանգարանի նոր շենքի լավագույն նախագծի՝ հայտարարված մրցույթում հաղթել Է ճապոնացի ճարտարապետ Կենգո Կումայի ֆիրման, որն, Օդենսեի քաղաքագլուխ Անքեր Բոյերի խոսքով՝ կարողացել Է հաղորդել անդերսենյան հեքիաթի կախարդանքը՝ այն, ինչի պակասն ունի ներկայիս թանգարանը, որի ցուցադրանքը նվիրված Է առավելապես Անդերսենի կենսագրությանը:

Շինարարությունը կսկսվի 2017 թվականին, իսկ նոր թանգարանը պետք Է բացեն արդեն 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

 

 

 

Պիտակ

Nov 08, 2016 08:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ